.jpg)
Քաղաքագետ. Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը ձեռնտու չէ ՌԴ-ին
Քաղաքականության մեջ չի կարելի ոչինչ բացառել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով պատերազմի հնարավոր վերսկսման մասին ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ ավելացնելով.
«Միաժամանակ՝ չնայած սպառազինության ակտիվ մրցավազքին, Ադրբեջանը լավ հասկանում է՝ գոյություն ունի ուժերի հավասարակշռություն, որը չի խախտվելու: Բացի այդ, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը ձեռնտու չէ նաև ՌԴ-ին»,- ասաց քաղաքագետը:
Սերգեյ Մինսյանը կարծիք հայտնեց, որ Ռուսասատանին ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը, քանի որ այդ դեպքում այս պետությունը պիտի ընտրություն կատարի իր տնտեսական գործընկեր Ադրբեջանի և ռազմավարական դաշնակից Հայաստանի միջև.
«Կարելի է ասել՝ Արցախի հարցը միակն է, որի շուրջ Ռուսաստանն ու Արևմուտքը որոշակի ընդհանուր դիրքորոշում ունեն: Մոսկվան այսօր մեծ քանակությամբ զինամթերք է մատակարարում Ադրբեջանին և ռազմաքաղաքական համագործակցության շրջանակում համապատասխան սպառազինություն տրամադրում Հայաստանին ու փաստացի ԼՂՀ-ին, այսպիսով՝ հակամարտող կողմերին էլ ավելի կապելով Ռուսաստանին»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետն անդրադարձավ նաև հայ-վրացական հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանց բարելավումը կարևոր է երկու կողմի համար էլ.
«Հայաստանը լուրջ դերակատարում կարող է ունենալ աբխազական երկաթգծի հարցում, իսկ մեզ համար Վրաստանը կարևոր է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան հարաբերությունների կոնտեքստում»,- ասաց Սերգեյ Մինասյանը: