.jpg)
«Եվրոպացիներն ականջակալներն էին վայր դնում` հոգնելով ադրբեջանցիներից»
«Մեր մասնակցությունն այդ սեմինարին շատ կարևոր էր: Եթե մասնակցության որոշում չկայացվեր, ապա կստեղծվեր վակուում այդ սեմինարին և ադրբեջանցիները, օգտվելով առիթից, թյուր պատկերացումներ կստեղծեին տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ` խեղաթյուրելով իրականությունն ու փաստերը»,- ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Բաքվում կայացած «Rose-Roth» սեմինարի մասնրամասները, ասաց ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
«Եթե ընդհանուր մթնոլորտը նկարագրենք, ապա Բաքվում սեմինարը կայացավ ադրբեջանցիների հակահայ քարոզչության ներքո: Մենք ոչ միայն հակազդում էինք, այլև ներկայացնում էինք հայկական կողմի դիրքորոշումները բոլոր հարցերի վերաբերյալ: Ադրբեջանական կողմից չկար որևէ պատշաճ արձագանք մեր դիտարկումներին, դրա փոխարեն փորձ էր արվում էլ ավելի լարել իրավիճակը` պետության և առանձին անհատներին ուղղված մեղադրանքների, ոչ կառուցողական մոտեցումների միջոցով»,- ասաց Կ. Նահապետյանը` ցավով նշելով, որ հայկական լրատվամիջոցներից ոչ բոլորն էին, որ այդ օրերին հրապարակում էին իրականությունը` շատ անգամ ներկայացնելով ադրբեջանական ԶԼՄ-ների հերյուրանքները:
Սեմինարի ընթացքում քննարկվող հարցերի առանցքում, պատգամավորի խոսքով, մշտապես Լեռնային Ղարաբաղն ու հակամարտությունն էր, և բոլոր քննարկումների ժամանակ ադրբեջանցիները խոսում էին «օկուպացիայի» մասին.
«Մենք պնդել ենք, որ օկուպանտը հենց Ադրբեջանն է: Մենք նաև առաջարկեցինք, որ Ադրբեջանը նստի բանակցության սեղանի շուրջ ԼՂՀ հետ: Եթե ուզում են հարատև խաղաղություն տարածաշրջանում, ապա դա է ճանապարհը, բայց ադրբեջանական պատվիրակները շարունակ խոսում էին «օկուպացիայի» և այլնի մասին, ինչը հոգնեցնում էր նաև եվրոպացի գործընկերներին: Առանձին դեպքերում նկատում էինք, որ եվրոպացի գործընկերները ականջակալներն էին վայր նետում` հոգնելով ադրբեջանցիների նույն ելույթներից»,- մանրամասնեց Կ. Նահապետյանը:
Պատվիրակության մեկ այլ անդամ Թևան Պողոսյանն էլ ասաց, որ առաջին անգամ Բաքվում պատվիրակության կազմում եղել է 2011-ին և շատ փակ է եղել այն ժամանակ ընդունելությունը, իսկ այս անգամ, իբրև ավելի ազատ էր ամեն բան և փորձ արվեց ստեղծել այն տպավորությունը, թե հայ պատվիրակները ազատ են և կարող են գնալ ուր ուզում են.
«Բայց տարօրինակն այն էր, որ ուր գնում էինք, ոչ մի մարդ այդտեղ չէր լինում` սրճարանում, ուր գնացել էինք սուրճի, մարդ չկար, և այլն»:
Ասուլիսին ներկա էր նաև Բաքվում սեմինարին մասնակցած Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ով առաջին անգամ էր Բաքվում:
Հայաստանն ավելի կարևոր շահ ուներ այդ սեմինարից և հայկական պատվիրակությունը՝ ի դեմս Կ. Նահապետյանի և Թ.Պողոսյանի, ինչպես ասաց քաղաքագետը, ցույց տվեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունը ազգային շահ է և կարևոր չի ներքաղաքական խնդիրների առկայությունը` դա այն խնդիրն ու հարցն է, որը առաջնային է ցանկացած պարագայում: