.jpg)
Քառյակը դիմելու է Սահմանադրական դատարան
«Այսօրվա ԱԺ նիստի ընթացքում խորհրդարանի ղեկավարությունը բազմիցս խախտեց կանոնակարգ օրենքը` սահմանափակելով պատգամավորների իրավունքները: Ոչ իշխանական ուժերը փորձեցին կասեցնել առանց հանրային քննարկումների խորհրդարանին պարտադրված մի շարք վիճահարույց օրենքների փաթեթների քննարկումը: Այս օրակարգում ներառված էր նաև ժողովրդի կողմից մերժված կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրենքը, որը փորձ արվեց անցկացնել Սահմանադրության, ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նման գործելաոճը խարխլում է մեր պետության դիրքերը: Մենք հայտարարում ենք, որ քվեարկությունն անվավեր է, դատապարտում ենք այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ շարունակելու ենք պայքարել օրենքի դեմ»: Քառյակի համատեղ ասուլիսի ժամանակ ԱԺ ոչ իշխանական ուժերի համատեղ հայտարարությունից ընթերցեց ԱԺ «բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ճգնաժամային այս իրավիճակը առաջ է բերում մի շարք խնդիրներ, որոնք ԱԺ կանոնակարգ օրենքում կանոնակարգման խնդիր ունեն, մասնավորապես, թե ինչ ընթացակարգեր պետք է իմպերատիվ կերպով պահպանվեն և եթե խախտվում են, պատժվեն»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Ասուլիսին մասնակից ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ իր հերթին ասաց, որ այսօրվա իշխանությունները ոչ թե փորձում են համախմբել հանրությանը և միասին լուծել մարտահրավերները, այլ` ավելի են հուսահատեցնում հասարակությանը.
«Մենք կդիմենք Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակը և օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը»,- ասաց նա` ավելացնելով, որ որևէ մեկը չի կասկածում, որ ՀՀԿ-ն այսօր երրորդ ընթերցմամբ քվեարկության կդնի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը:
Քառյակի անդամները ևս մեկ անգամ հաստատեցին, որ չեն պատրաստվում մասնակցել ԱԺ նիստի աշխատանքներին:
նախորդող հրապարակում` Թեժ իրավիճակ ԱԺ-ում. ՀՀԿ-ից խոստանում են ապացուցել տղամարդկությունը