23/06/2014 14:08
Հարսնաքարի գործ. Դատապարտյալի կինը ուզում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից
«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաղդասարյանի կինը՝ Աստղիկ Մանուկյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը և Գարիկ Մարգարյանի մայրը այս պահին գտնվում են հիվանդանոցում:
Հարցին՝ ինչ քայլերի են պատրաստվում դիմել, նա ասաց, որ «հիվանդանոցից ցանկանում է գնալ նախագահական, որ այնտեղ իրենց խորհուրդ տան՝ ինչպես հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից»:
«Մենք հույս ունեինք, որ դատավորը չի ալարի և կկարդա քրեական գործը ու արդար վճիռ կկայացվի, սակայն այդպես չեղավ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը:
Մարտի 25-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է «Հարսնաքարի» գործով դատավճիռը:
Դատարանը Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին դատապարտել է 12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի:
Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Նախորդող հրապարակում՝ «Շանթ Հարությունյանի և մյուսների գործը» դատարանում է