23/06/2014 12:50
Վերաքննիչը անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով դատավճիռը
Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը:
Վերաքննիչ դատարանի որոշումը լսելուց հետո վատացավ ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանի մոր ինքնազգացողությունը և դատարան հրավիրեցին շտապօգնություն, իսկ մյուս ամբաստանյալների հարազատները աղմուկ բարձրացրեցին, Արման Բաղդասարյանի կինը ուշաթափվեց:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է «Հարսնաքարի» գործով դատավճիռը:
Դատարանը Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին դատապարտել է 12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի:
Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Նախորդող հրապարակում՝ «Հարսնաքարի գործ». Եթե արդար դատավարություն չլինի, կինքնահրկիզվենք
Հարսնաքարի գործ. Գարիկ Մարգարյանի մայրը ուզում էր ինքնասպան լինել
«Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ միջադեպի առթիվ՝ քրգործ