Ինձ համար այդպիսի գործիչ գոյություն չունի. Մանուկյանը՝ Քոչարյանի մասին
24/06/2014 14:08

Ինձ համար այդպիսի գործիչ գոյություն չունի. Մանուկյանը՝ Քոչարյանի մասին

«Չեմ կարդացել, ցանկություն էլ չունեմ կարդալու, շատ վաղուց ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի»,- լրագրողների հետ հանդիպմանը, չցանկանալով մեկնաբանել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունը, այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Պատգամավորը նկատեց, որ որքան էլ լրագրողները փորձեն մեկնաբանություն ստանալ Քոչարյանի հետ կապված, միևնույն է` չի ստացվի, քանի որ ինքը ցանկություն չունի անդրադառնալ նրան:

Խոսելով «Որոտանի» վաճառքի մասին` Ա. Մանուկյանն ասաց, որ եթե գողերը գողությունից են խոսում, անբարոյականները՝ անբարոյականությունից, չի նշանակում, որ դրանով իրենք մաքրվում են:

«Որոտանի վաճառքն իրավական և տնտեսական առումներով հանցագործություն է պետականության նկատմամբ: Ես հետևողական եմ լինելու այս հարցով»,- ասաց Ա. Մանուկյանը:

ՀԱԿ պատգամավորը կարծում է, որ Որոտանի ՀԷԿ-երի վաճառքը ոչ միայն հակաօրինական է, այլև` «ջրի գնով է վաճառվել, ինքնարժեքից մի քանի անգամ էժան»:

Դիտարկմանը, որ կառավարությունը, կարծես, հակված է այդ պայմանագիրը չեղյալ համարել, Ա. Մանուկյանն ասաց.

«Ավելի լավ, եթե կառավարությունը նման բան անի: Ես միշտ ասել եմ, որ մեր նպատակը ոչ թե իշխանության ոչնչացումն է, այլ` պետության վիճակը լավացնելը, ուղղակի այս իշխանությունների մակարդակը չի բավականացնում լավ ղեկավարել երկիրը, դրա համար էլ ասում ենք՝ գնացեք, մենք կգանք, ավելի լավ կղեկավարենք»: