«Որոշ քաղաքական յալանչիներ, բոմժեր ուզում են 12 կետերը տապալել»
25/06/2014 15:32

«Որոշ քաղաքական յալանչիներ, բոմժեր ուզում են 12 կետերը տապալել»

Չեմ կարծում, թե ՀՀԿ-ից որևէ մեկը պատրաստ չէ կարծիք հայտնել Որոտանի կամ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ, պարզապես դեռ ժամանակը չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ նշելով, թե իշխանության մեջ ևս կան մարդիկ, ովքեր երկրի տնտեսության հետ կապված ունեն դժգոհություններ:

Նրա խոսքով՝ այդ մարդիկ պարզապես դրան պատրաստ չեն:

«Կան մարդիկ, ովքեր իրականում հասկանում են, թե ինչ է կատարվում: Ճնշող մեծամասնությունը պարզապես մտածում է, որ ապրի: Նրանք չունեն փոքր-ինչ արտահայտվելու հնարավորություն, բայց շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում»,- ասաց նա:

Անդրադառնալով ոչ իշխանական 4 ուժերի կողմից առաջարկված 12 կետերին՝ Վ. Բոստանջյանը նկատեց, որ որոշ քաղաքական անհատներ իրենց հայտարություններով ուզում են այդ կետերը տապալել:

«Որոշ քաղաքական յալանչիներ, բոմժեր համոզմունք են հայտնում, թե դրանք համակարգային չեն: Բայց այդ կետերը սահմանում են, թե ինչպես կարող են դադարեցնել պետական թալանը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ երկիրը ոտքի հանելու համար նախևառաջ պետք է «ստոպ» տալ պետական թալանին, իսկ հետո՝ մտածել մյուս քայլերի մասին:

«Բնակաբար այդ 12 կետով ողջ Հայաստանի տնտեսությունը չեն վերականգնի կամ սոցիալ-տնտեական համակարգը դուրս բերի այս տխուր և ողորմելի իրավիճակից: Երկիրը ոտքի կանգնեցնելու համար պետք է նախևառաջ քաղաքական կամք և պետական մտածողություն: Հայաստանում այսօր ով ինչ ուզում, անում է: Իսկ անելու չափը պայմնավորված է նրա ունեցած հնարավորություններից»,-ասաց Բոստանջյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե մոռացել ե՞ք, որ հենց Ռ, Քոչարյանի օրոք սկսեց կիրառվել գույք պարտքի դիմաց եզրույթը՝ Վ. Բոստանջյանը՝ հակադարձեց. «Իսկ ինչից ենթադրեցիք, որ ես մոռացել եմ կամ ամբողջ հասարակությունը համաձայն է,-այնուհետև շարունակեց,- դուք գոնե հասկացեք, որ մարդը, ով նախագահ է եղել, նա չի կարող անարժանահավատ բաներ ասել, մինչև անգամ ոչ լավ նախագահները»,-ասաց նա:

«Հարցեր կան, որոնք կապ ունեն բացառապես գիտելիքի հետ»,- նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ մինչ օրս իշխանությունների կողմից որևէ հակափաստարկ չի հնչել, թե ինչու է էլեկտրաէներգիան թանկանում:

«Մեղմ ասած՝ ինչ-ինչ մարդիկ շահագրգռված չեն թույլ տալ այլընտրանքային աղբյուրներ օգտագործել: Գերմանիան, օրինակ՝ օգտագործում է արեգակնային համակարգ, որը թույլ է տալիս 70 մլն-ի խնայողություն անել: Հելոֆիկացիան թույլ կտա ոչ միայն թուլացնել ատոմակայանի բեռը, այլև խնայողություններ անել: Պարզապես պետք է ցանկություն, իսկ դա առայժմ չկա»,- ասաց նա:

Անդրադառնալով Կառավարությանը՝ տնտեսագետը նշեց, որ դեռ վաղ է որևէ գնահատական տալը, սակայն ուզում է հավատալ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կկարողանա լուրջ քայլեր ձեռնարկել:

«Ես ուզում եմ հավատալ, որ նա ունի ցանկություն: Գործող վարչապետն ունի պատրաստակամություն, բայց չունի լիարժեք թիմ: Պետք է լինեն նաև բանիմաց, գործի գիտակ մարդիկ, որոնք կիրագործեն Հովիկ Աբրահամյանի նպատակները: Չեմ կարծում, թե ղեկավարի գործոնը բավարար է երկրում բարեփոխում իրականացնելու համար: Կարծում եմ, որ դրա համար պետք է ունենալ լավ թիմ»,- ասաց Մանասերյանը:

 

«Որոշ քաղաքական յալանչիներ, բոմժեր ուզում են 12 կետերը տապալել»