26/06/2014 13:33
Ստեփանակերտի օդանավակայանը չի աշխատել ընդամենը մի քանի ամիս. Դ. Բաբայան
Ստեփանակերտի օդանավակայանից փոքր, երկտեղանոց օդանավի թռիչքի մասին տեղեկությունները Ադրբեջանում հերթական հիսթերիայի առիթ են դարձել: Ադրբեջանական լրատվամիջոցներում շատ ակտիվ քննարկվում է համացանցում տեղ գտած տեսանյութը, որի շուրջ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում, որտեղ ասվում է, թե իբր «թռիչքներն ապօրինի են իրականացվում, այն էլ՝ Ադրբեջանի տարածքով»:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ տպարվորություն է ստեղծվել, թե Ադրբեջանը նոր է հայտնաբերում կամ բացահայտում, որ Ստեփանակերտի օդանավակայանը ծառայում է փոքր ավիացիային:
Նրա խոսքով՝ սրանով կարելի է փաստել, որ Ադրբեջանի տեխնիկական միջոցներն այնքան են հնացել, որ ի վիճակի չեն ֆիքսել, որ երբեք այդպիսի թռիչքները չեն դադարել, կամ էլ սա պարզապես քաղաքական ենթատեքստ ունի:
«Շատ տարօրինակ է, թե ինչու է Ադրբեջանը նման հիսթերիկ պահվածք ցուցաբերում, ինչը նրա մոտ կարծես սովորույթ է դառնում: Ստեփանակերտի օդանավակայանը չի աշխատել ընդամենը մի քանի ամիս՝ 1992 թվականին, այն էլ չի ընդունել միայն ինքնաթիռներ: Իր գոյության ամբողջ շրջանում, արդեն 60 տարի է, ինչ օդանավակայանը աշխատում է անդադար: Այսօր էլ՝ մենք պարբերաբար ընդունում ենք ուղղաթիռներ: Մենք ունենք փոքր ավիացիա, որը փոքր թռիչքներ է իրականացնում տարբեր նպատակներով՝ գյուղատնտեսական, կադաստրային նկարահանումների ու քարտեզագրման համար»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ ինչո՞ւ է Ադրբեջանը հիմա վայնասուն բարձրացնում, Դ. Բաբայանը նշեց, որ դա ունի հատուկ նպատակ. «Սա կարելի է կապել նախօրեին Ստրասբուրգում Ալիևի կողմից հնչեցված խայտառակ հայտարարությունների հետ, որը հարված հասցրեց Ադրբեջանի իմիջին: Իսկ այդ քայլով ուզում են շեղել ներքին ու արտաքին հանրության ուշադրությունը»,-ասաց Բաբայանը՝ շարունակելով, որ Ադրբեջանը հանրության համար նախկինում, եթե շահարկում էր փախստականների թեման, ապա հիմա սա նոր շարժառիթ է հանդիսացել:
Անդրադառնալով Ալիևի ելույթին՝ Դ. Բաբայանը նշեց, որ հերթական քաղաքական մուղամն Է կամ ֆանոգրաման, որն անընդհատ պտտացնում է Ադրբեջանի քարոզչամեքենան:
«Ալիևն անընդհատ նույն բանն է ասում: Ուրիշ ոչ մի նոր բան, քանի որ ասելիք էլ չունի: Այդ հայտարարությամբ՝ նա ցույց է տալիս իր իրական պետության պատկերը: Իմաստ էլ չկա, այդ քաղաքական մուղամին անդրադառնալ»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Ստեփանակերտի օդանավակայանը փաստացի գործում է (Տեսանյութ)