Հայկական կողմը դիմել է Միսնկի խմբին՝ ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու համար
26/06/2014 14:00

Հայկական կողմը դիմել է Միսնկի խմբին՝ ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու համար

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովները դիմել են Մինսկի խմբի համանախագահներին՝ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության ապահովմանը բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

«Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին և այն ժամանակ դեռևս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը:

Արձանագրելով, որ` ի պատասխան Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտության, Ադրբեջանը որդեգրեց էթնիկ զտումների և ուժային մեթոդներով հարցի լուծման քաղաքականություն, որը շարունակվում է ցայսօր,

Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը կապահովի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անշրջելիությունը և Ադրբեջանի համար կհանդիսանա ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության ազդանշան,

Հաշվի առնելով, որ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խիստ կարևոր ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների շնորհիվ,

Վերահաստատելով հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝

Հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հակամարտության վերջնական կարգավորման գրավական հանդիսացող հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման կարևորության մասին:

Կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ,

Համոզմունք է հայտնում, որ հայ ժողովուրդը` Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի, ինչպես և նախկինում, կգործադրի իր ողջ ներուժը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի` ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով երաշխավորված ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների դիմումում: 

 

Հայկական կողմը դիմել է Միսնկի խմբին՝ ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու համար