.jpg)
«Իշխանություններին քննադատելուց բլբուլ են կտրում, դրսում՝ հարսի նման լռում»
Ադրբեջանը Հայաստանի դեմ վարում է տոտալ պատերազմ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ում համոզմամբ՝ Հայաստանը այդպիսի ռազմատենչ հայտարարություններին բոլորովին համարժեք պատասխան չի տալիս: Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը մշակել է հատուկ մարտավարություն, որով ուզում է նվաստացնել Հայաստանին:
«Մեզ սևացնելը, մեր մշակույթն ու հողերը յուրացնելը Ադրբեջանի համար դարձել է սովորույթ: Իսկ Հայաստանը պետք է կարողանա համարժեք պատասխան տալ՝ տոտալ հակահարված: Այն, որ սահմանամերձ գոտում շարունակվում է կրակահերթը, երբ որ Եվրոպայի սրտում Ադրբեջանը հայտարարում է, որ մենք ասիացի ենք, ոչ թե եվրոպացի՝ դա արդեն խոսում է այն մասին, որ մեր խորհրդարանական հանձնաժողովը չի կատարում իր պարտականությունները, որի կազմում ընդգրկված են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ»,-ասաց նա:
Շիրինյանն ընդգծեց նաև, որ այդ հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեին ոչ թե մարդիկ, ովքեր «հավեսի համար» գնում են մասնակցում հանձնաժողովներին, այլ մարդիկ, ովքեր պետք է կարողանային ինտրիգներին դիմակայել հենց օտարի աչքի առջև:
«Մեր պետական ապարատի որակը պետք է բարձրացվի, արդիականացվի և փոխվի»,- հավելեց նա:
Լրագրողի դիտարկմանը՝ իսկ պատասխան տալը չի ընկալվի՞ խախտում՝ Շիրինյանը նշեց, որ ոչ:
«Եթե խախտում է, թող մի հատ էլ խախտեն: Թող իրենց գործն անեն, բայց մի հատ նկատողություն ստանան, կամ հեռացվեն: Եթե գիտեն, որ պետք է սա անեն, թող անեն»,-ընդգծեց քաղաքագետը, ում խոսքով՝ Հայաստանը պետք է համապատասխան պատժամիջոցներ կիրառի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների նկատմամաբ:
«Հայատանում այդ չինովնիկների համար պետք է պատիժներ սահմանվեն: Գալուստ Սահակյանը պետք է քննի իր ամբողջ կադրային բանկը և համապատասխան քայլեր ձեռնարկի»,-ասաց նա:
«Խելացի խոսելը դժվար է, իսկ խելացի լռելն ավելի դժվար»,- նկատեց քաղաքագետ Արման Նավասարդյանը, ում հավաստմամբ՝ մեր պատվիրակության ներկայացուցիչները պետք է ոչ թե լռեին, այլ Ալիևին իր տեղը ցույց տային հենց ԵԽԽՎ-ում:
«Սա այն դեպքը չէ, երբ մեր պատվիրակության ներկայացուցիչները պետք է լռեին: Բացի այն, որ Ադրբեջանը միջազգային ատյաններում սպառնալիքներ է հնչեցնում, նա նաև նվաստացնում է մի անմբողջ ազգի: Եվ այստեղ պարտիզանի նման լռելը սխալ է: Մեր պատվիրակությունը պետք է օժտված լիներ կառավարական դիվանագիտական գործունեությանը նպաստելու կարողությամբ, ինչը չի կարողանում պատշաճ կերպով կատարել: Սա խորհրդարանական մեխանիզմ է, որի համար վճարում են: Իսկ նրանք գնում ականջները կախում, գալիս են»,- նշեց քաղաքագետը:
Հարցին՝ գուցե դա հրահանգված է, քաղաքագետը նշեց, որ չի կարծում թե մեր իշխանությունների կողմից նման հրահանգ կա:
«Երբ, որ պետք է քննադատեն հայաստանյան իշխանություններին բլբուլ են կտրում, բայց դրսում, որտեղ հասնում են հարկատուների հաշվին՝ հարսի նման լռում են ու ոչինչ չեն խոսում: Դա ոչ միայն անընդունելի է, այլև անթույլատրելի: Լռության դիվանագիտություն գոյություն չունի»,-ասաց Ա. Նավասարդյանը:
Նախորդող հրապարակում՝ Արփինե Հովհաննիսյանը բացատրում է, թե ինչու Ալիևին ԵԽԽՎ-ում հարց չեն տվել