Արտեմ Հարությունյան. Հարգելի Դավութօղլու, Ձեր աղվեսային խաղերը հայտնի են
30/06/2014 14:45

Արտեմ Հարությունյան. Հարգելի Դավութօղլու, Ձեր աղվեսային խաղերը հայտնի են

Հարգելի Դավութօղլու, Ձեր աղվեսային խաղերը հայտնի են: Նախքան այսպիսի լիրիկական բանաստեղծություններ գրելը՝ բաց արեք սահմանները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրդադառնալով Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուի վերջերս հրապարակված հոդվածին, ասաց բանաստեղծ Արտեմ Հարությունյանը:

«Այսօր Թուրքիան ընդունակ չէ որևէ կերպ ընդունել իր հանցագործությունը: Հիմա մոտենում է Ցեղասպանության հարյուրամյակն ու եթե Թուրքիան ամոթ ունեցող պետություն լիներ՝ պետք է ընդուներ իր կատարած ոճիրը»,- ավելացրեց բանաստեղծը:

Ասուլիսի մյուս բանախոս գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ ընդգծեց, որ Դավութօղլուն իր նամակում խոսում է ամեն ինչի մասին՝ բացի 1915 թվականից.

«1915թ.-ի դեպքերի մասին ուղղակի հիշատակվում է: Շատ քնքուշ հոդված է գրել: Եթե խնդրից անտեղյակ մեկը կարդա այն, կասի, թե հայերը զարմանալի մարդիկ են, ինչո՞ւ չեն ընդունում թուրքերի առաջարկները»,- ասաց հրապարակախոսը՝ ավելացնելով՝
այս լալագին հոդվածն ամբողջովին կեղծիքի վրա է ստեղծված:

«Սա ավելի շատ աշխարհին, այլ պետություններին է ուղղված, քան մեզ»,- ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Turkish Policy Quarterly ամսագրում հոդված էր հրապարակել, որում նշում էր՝ Էրդողանի ապրիլին արված հայտարարությունն ու ցավակցությունը պետք է հետագա քայլերի հիմքը լինի։

«Էրդողանի մեսիջը չպետք է դիտարկվի որպես կոնյուկտուրային քայլ։ Դա պետք է դիտարկվի որպես կարծիքների և հիշողությունների վերափոխման նախերգանք, քանի որ դա միայն ցավակցություն չէր, այլև անկեղծ հրավեր՝ ուղղված բոլոր կողմերին, ապահովելու խաղաղության վրա հիմնված ընդհանուր ապագա»,- գրել է Ա. Դավութօղլուն:
 

Արտեմ Հարությունյան. Հարգելի Դավութօղլու, Ձեր աղվեսային խաղերը հայտնի են