Գեղարքունիքի մարզպետը Վարդենիսում է. Տուժած ընտանիքներին շինանյութ կտան
01/07/2014 14:53

Գեղարքունիքի մարզպետը Վարդենիսում է. Տուժած ընտանիքներին շինանյութ կտան

Հունիսի 29-ին Վարդենիսի քաղաքում քամու հետևանքով առաջացած ավերածություններին այսօր ծանոթացել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ստեփանյանը.

«Մարդիկ երեկ բողոքում էին, ճանապարհ էին փակել, որ վարչապետը գա, տեղում տեսնի՝ ինչ է կատարվել ու խոստանա փոխհատուցում տրամադրել: Այսօր արդեն եկավ մարզպետը: Ամեն բան իր աչքով նայեց ու խոստացավ, որ բոլոր տուժողներին անպայման կաջակցի շինանյութով»,- ասաց Սահակ Ստեփանյանը՝ նշելով, որ մարդիկ մարզպետի այս խոստումից գոհ են մնացել:

Ինչ վերաբերում է քամու հետևանքով վնասվածքներ ստացած երկու երեխաներին՝ Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ նրանք արդեն լավ են.

«Փառք Աստծո, լուրջ բան չկար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիս 29-ին ժամը 16.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ուժեղ քամի է եղել: Ըստ նախնական տեղեկության՝ վնասվել է 35 տան տանիք:

Նախորդող հրապարակում՝ Վարդենիսցիները փակել են քաղաք տանող ճանապարհը. Պահանջում են՝ վարչապետը գա
 

Գեղարքունիքի մարզպետը Վարդենիսում է. Տուժած ընտանիքներին շինանյութ կտան