Երրորդ  և Չորրորդ գյուղերում հոսանքազրկումները եղել են պլանային. ՀԷՑ
04/07/2014 17:07

Երրորդ և Չորրորդ գյուղերում հոսանքազրկումները եղել են պլանային. ՀԷՑ

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ10 օր անընդմեջ, օրը 4-10 ժամ անջատվել են Երևանի ծայրամասերի, հատկապես Չորրորդ և Երրորդ գյուղերի, Հաղթանակ թաղամասի լույսերը:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները հաստատեցին, որ օրեր առաջ՝ հունիսի 27-ին, Հաղթանակի 13 փողոցի լույսերը անջատվել են երեկոյան ժամը 9-ից, իսկ հուլիսի 1-ին կեսօրից հոսանք չի եղել մոտավորապես 3 ժամ:

«Այսօր մոտ 3-4 ժամ լույս չենք ունեցել: Օրերս հարևանի ծնունդն էր, մարտկոցով լուսամփոփ ենք տվել, որ գոնե մարդիկ իրար դեմք տեսնեն»,- պատմեց բնակիչներից մեկը, ով ասաց նաև, որ հոսանքազրկումներ են եղել նաև հարակից թաղամասերում:

Մեզ հետ զրույցում ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը նշեց, որ դրանք հիմնականում եղել են պլանային անջատումներ, որոնց մասին բնակչությանը նախապես տեղյակ է պահվել:

«Հաղթանակի 10, 11, 12, 13 և 14 թաղամասերում հունիս-հուլիս ամիսների ընթացքում ունեցել ենք ընդհանուր առմամբ 12 անջատում, որից երկուսը՝ հունիսի 27-ին և հուլիսի 1-ին եղել են պլանային անջատումներ»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ ընթացքում ընթացել են վերականգնողական աշխատանքներ, որի մասին բնակչությանը պատշաճ կերպով տեղյակ են պահել:

«Իսկ մնացած անջատումները առաջացել են քամու հետևանքով: Ենթակայանում խնդիրներ են եղել և հոսանքն անջատվել է»,- ասաց նա:
 

Երրորդ և Չորրորդ գյուղերում հոսանքազրկումները եղել են պլանային. ՀԷՑ