.jpg)
ՀՀԿ պատգամավոր. Եվրոպական կառույցները հայտարարություններից չեն անցնում
Հայ-ադրբեջանական սահմանում լարվածություն հիմնականում լինում է այն ժամանակ, երբ կարևոր հանդիպում է նախատեսվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
«Երբ Ալիևը ինչ-որ հանդիպման է նախապատրաստվում, կտրուկ լարվածություն է առաջանում սահմանում: Ստացվում է, որ դա ոչ թե պատահականություն է, այլ դիտավորություն, որը հետագայում փորձում են ամեն կերպ տարբեր ձևերով օգտագործել»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ցավը պարզապես նրանում է, որ միջազգային համապատասխան կառույցները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում:
«Թե ՄԽ համանախագահող երկրները, և թե ընդհանրապես եվրոպական համապատասխան կառույցները, կարծես թե, հայտարարություններից այն կողմ չեն անցնում: Կարծում եմ, որ իսկապես եկել է Ադրբեջանի նկատմամբ կտրուկ միջոցներ ձեռնարկելու և համապատասխան սանկցիաներ կիրառելու ժամանակը»,- ասաց նա:
Ս. Ավետիսյանի համոզմաբ՝ Ադրբեջանն իր այդ քայլով ցույց է տալիս երկրի սանձարձակությունը՝ երկրի նախագահի գլխավորությամբ: Նրա խոսքով՝ այդ սանձարձակությունն արտահայտվել Ալիևի ԵԽԽՎ նստաշրջանում: «Այլիևն իր այդ քայլով ցույց տվեց իր իրական դեմքը»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է հայկական պատվիրակությանը, ապա պատգամավորը վստահ է, որ լռությունն այս դեպքում ճիշտ մարտավարություն էր: Ս. Ավետիսյանի համոզմամբ՝ այդ լռությամբ Հայաստանը ոչ թե մեկ քայլ հետ գնաց, այլ հակառակը՝ մեկ քայլ առաջ անցավ:
«Ադրբեջանի սանձարկաության մասին Հայաստանը տարիներ շարունակ բարձրաձայնել է, իսկ այս քայլով եվրոպացիները թող համոզվեն դրանում: Այնպես չէ, որ մերոնք էլ ձեռքները ծալած սպասում են, թե Ադրբեջանն ինչ գործողությունների կանցնի»,- ասաց նա:
Հարցին, իսկ ի՞նչ է անում ՀՀ ԱԳ նախարարությունը, Ս. Ավետիսյանը պատասխանեց այսպես. «Եթե չկան դիվանագիտական հարաբերություներ,ԱԳ նախարարությունը ինչ պետք է անի: ԱԳ նախարարությունը աշխատում է եվրոպական մյուս երկրների հետ»: