.jpg)
ՍԴ նախագահ. Դրսից լուրջ ուժեր փորձում են ձախողել բարեփոխումների գործընթացը
Այսօր Արմավիր քաղաքում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումից հետո՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ այն խոսակցություններին, թե այս բարեփոխումներն ուղղված են նախորդ նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերդարձը բացառելուն.
«Նման խոսակցությունները քաղաքական պոպուլիզմի դաշտից են: Բարեփոխումների վերաբերյալ կարող են ցանկացած մեկնաբանություն անել»,- ասաց Գագիկ Հարությունյանը՝ շարունակելով.
«Չե՞ք հանդիպել այնպիսի իրավիճակների, երբ, օրինակ հարևաններից մեկը տղա է ունենում, մյուսն էլ՝ թե տեսա՞ք ես ասում էի տղա է ունենալու՝ այդպես էլ եղավ: Այսինքն՝ մարդկանց բերանին կապանք դրված չէ, ով ինչ ցանկանում է՝ ասում է, ես դրան կարևորություն չեմ տալիս»:
Միաժամանակ ՍԴ նախագահը նկատեց, որ նման մեկնաբանությունները կարող են վտանգավոր լինել.
«Ես ուրիշ բաներ էլ գիտեմ, դուք շատ բան չգիտեք: Գիտեմ, օրինակ, որ դրսից լուրջ ուժեր կան, որենք հավաքել են այստեղ երիտասարդական կառույցներ ու մեծ գրանտներ խոստանալով՝ հրահանգել են ձախողել սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Այնպես որ, միամիտ մի նայեք մեր իրականությանը: Այդ խոսակցությունների մի մասը դեզինֆորմացիա է՝ մարդկանց վարկաբեկելու, գործընթացը ստվերելու համար»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Նախորդող հրապարակումներ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` կուտակայինի նոր օրինագծի մասին
ՍԴ նախագահ. Զոքանչի հետ հարաբերությունների պատճառով երկիրը չպիտի տուժի
ՍԴ նախագահ. Միջին իշխանական օղակներում բորենիների համաստեղություն է