Քաղաքական ոչ մի ուժի չի հաջողվի ընդվզում առաջացնել, անգամ՝ «Ժառանգությանը»
08/07/2014 12:00

Քաղաքական ոչ մի ուժի չի հաջողվի ընդվզում առաջացնել, անգամ՝ «Ժառանգությանը»

Քանի որ քառյակը ոչինչ չի նախաձեռնում, ՕԵԿ-ը փորձում է պարզապես օգտագործել այս պահը և «ընդդիմություն» խաղալ:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հուլիսի 18-ին ՕԵԿ-ի կողմից կազմակերպվելիք հանրահավաքին, նման կարծիք հայտնեց  «Ժատանգության» վարչության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ նկատելով, որ թեև ինչ-ինչ քաղաքական ուժեր փորձում են հասարակական ընդվզում առաջացնել, բայց հասարակությունն այժմ գտնվում է խորը ապատիայի մեջ: 

«ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու վարքագիծը առաջին իսկ օրվանից ընկալվել է 2018 թվականի նախապատրաստություն: Եվ բնականաբար, այդ կուսակցությունը պետք է փորձի իրականացնել այն, ինչ մինչ օրս չեն արել մյուս քաղաքական ուժերը: Ինչ-որ տպավորություն ստեղծելու համար ՕԵԿ-ը մտածում է, որ կկարողանա հասարակական ընդվզում առաջացնել, մինչդեռ դա նրան չի հաջողվի»,- կարծում է Ս. Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ ոչ միայն ՕԵԿ-ին, այլև մյուս քաղաքական ուժերին նույնպես չի հաջողվի ինչ-որ բան նախաձեռնել, քանի որ հասարակությունը ինքն է հոգնել այդ ամենից և այլևս չի վստահում ոչ մի քաղաքական ուժի: «Այսօր քաղաքական բոլոր ուժերը հասարակության կողմից վայելում են խորը անվստահություն: Եվ այդ առումով չեմ կարծում, թե որևէ քաղաքական ուժի կհաջողվի լուրջ հասարակական ընդվզում առաջացնել»,- ասաց նա՝ նկատելով, որ այսօր բոլոր քաղաքական ուժերը հույսները դրել են քաղաքացիական նախաձեռնությունների վրա, սակայն այդ ուժերը նախընտրում են միայնակ պայքարել, քան ինչ-որ քաղաքական ուժի թույլ տալ իրենց օգտագործել:

Հարցին՝ այդ թվում նաև «Ժառանգությանը՞», Ս. Սաֆարյանը պատասխանեց՝ այդ թվում՝ «Ժառանգությանը». «Այն տպավորությունը պետք չէ ստեղծել, թե «Ժառանգությունում» անվստահելի մարդ չկա: Եթե քառյակը վստահ լիներ, որ ինչ որ հաջողության կհասներ, ինքը հանրահավաք կկազմակերպեր: Քառյակը ինքը հույսը դրել է ոչ թե քաղաքական քայլերի վրա, այլ՝ քաղաքացիական շարժումների, ովքեր պայքարում են այս կամ այն խնդրի համար: Քաղաքական ուժերը մտածում են, որ կկարողանան այդ բոլորին միանգամից համախմբել ու որոշակի աժիոտաժ առաջացնել, սակայն դա նրանց կարծում եմ, չի հաջողվի: Քառյակի ամբողջ խդիրը կայանում է նրանում, որ նրանք միասին չեն»,- ասաց նա:
 

Քաղաքական ոչ մի ուժի չի հաջողվի ընդվզում առաջացնել, անգամ՝ «Ժառանգությանը»