11/07/2014 12:37
Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
Նախօրեին՝ ժամը 22.45-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում միջպետական Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածում (12-րդ կմ) «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մ բարձրությունից ընկել ձորը, ինչից վարորդ Ա. Գ. արգելափակվել է ավտոմեքենայում, իսկ ուղևոր Ն. Ա.-ը (ծնվ. 1994թ.), մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել է Կապանի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Գ.-ին, ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ:
Բժիշկները Ն.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Գ.-ին՝ ծանր: