.jpg)
Չկա երկիր, որ անվտանգության հասած լինի կուտակած զենքի շնորհիվ. Իրանի դեսպան
Մեր համոզմունքն այն է, որ ցանկացած տարաձայնություն, հակամարտություն պետք է լուծում ստանա խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով: Եթե կա բանակցային գործընթաց, ապա ինչու՞ պետք է ձեռք մեկնել զենքին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ղարաբաղյանի հիմնախնդրի կարգավորման մասին, նման դիրքորոշում հայտնեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:
Իրանը, դեսպանի խոսքով, դեմ է ցանկացած բռնության, ծայրահեղականության. «Մենք ընդհանրապես ցանկություն չունենք, որ տարածաշրջանում որևէ անկայություն լինի, քանի որ այն վնաս կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին»,- ասաց նա ` ավելացնելով, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ եթե կողմերը ցանկանան, ինքն էլ կարող է նպաստել խնդրի լուծմանը:
«Բոլոր երկրներին խորհուրդ ենք տալիս խաղաղ ճանապարհով հարցերը լուծել: Մենք ութ տարի պարտադրված պատերազմի մեջ ենք եղել: Պատերազմը պարտադրվեց մեզ, որպեսզի չեզոքացնեին մեր հեղափոխության հաղթանակը»,- ասաց նա:
Մոհամմադ Ռեյիսին կարծում է` ԵԱՀԿ Մինսկի խումբն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ արդյունքի պետք է հասնի, քանի որ աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ. «Քիչ է հավանականությունը, որ ռազմական գործողությունները վերսկսվեն»:
Խոսելով շփման գծում խաղաղապահ զորքերի տեղակայման մասին` դիվանագետն ասաց, որ այդ հարցը պետք է լուծեն Հայաստանը, Ադրբեջանն ու ԵԱՀԿ ՄԽ-ն. «Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտար ուժի տեղակայմանը. Դա կվտանգի ամբողջ տարածաշրջանը»:
Զենքն ու սպառազինությունը, դեսպանի խոսքով, երբեք անվտանգության գործոն չեն կարող լինել. «Խաղաղ գոյակցության պայմանն այն է, որ բոլորը ցանկանան` խաղաղություն լինի: Կարո՞ղ եք մի երկիր ցույց տալ, որն անվտանգության հասած լինի կուտակված զենքի կամ զանգվածային անվտանգության զենքերով: Նման բոլոր երկրների անվտանգությունը ցածր մակարդակի վրա է: Որևէ երկրի համար անվտանգություն չեն ապահովի անմեղ մարդկանց կոտորածները և ոչնչացումներ»: