Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը խնդիր է դրվել լինել միասնական. Կարծիքներ
04/08/2014 19:30

Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը խնդիր է դրվել լինել միասնական. Կարծիքներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, ինչպես նաև` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, ՀՅԴ-ից՝Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը, ԲՀԿ-ից` Ստեփան Մարգարյանը:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուրարդ Շարմազանովը նախ նշեց, թե առաջին անգամը չէ, որ պատգամավորները մեկնում են դիրքեր, ինչը դարձել է արդեն ավանդույթ, իսկ հետո հավելեց. «Մենք կիսելու հայրենիք չունենք: Ինքս անձամբ երեկ եմ եղել Նոյեմբերյանում, որտեղ նույնպես ակտիվ կրակոցներ են հնչում: Մյուս պատգամավորները նույնպես միշտ լինում են տարբեր տեղերում»,- ասաց նա:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը` Շարմազանովն ասաց, որ խնդիր է դրվել այս հարցում լինել միասնական:

«Հայրենիքի համար չկա իշխանություն և ընդդիմություն: Պետք է բոլոր խմբակցությունները միասնական լինեն: Դիրքեր գնալուց էլ պետք է միասնական լինենք: Այսինքն՝ չպետք է մի օր ՕԵԿ-ը գնա, մի օր՝ ՀՀԿ-ն, մի օր էլ` ՀԱԿ-ը: Բոլորն էլ համակարծիք են, որ պետք է  միասնական լինել»,- նշեց նա՝ շարունակելով, որ խմբակցությունները կարևորել են պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը և աջակցելու պատրաստակամություն հայտնել:

«Պաշտպանություն նախարարը խմբակցության ուժերին է ներկայացրել տիրող իրավիճակը և Սեյրան Օհանյանի ինֆորմացիայից հետո բոլորի համար հստակ դարձավ, որ Հայաստանի ԶՈՒ վերահսկում են ստեղծված իրավիճակը: Մենք վստահ ենք, որ մեր բանակը կարողանում է իր վերահսկողության տակ պահել ամեն ինչ և արժանի հակահարված հասցնել հակառակորդին: Իսկ մենք՝ անկախ նրանից ընդդիմություն ենք, թե իշխանություն, փորձում ենք լինել միասնական և մեր վարքագծով օրինակ ծառայել մյուսներին: Սա ազգային, պետական հարցերում այն խնդիրն է, որը վերաբերում է բոլորին: Հայրենիքը մեկն է, որտեղ ընդդիմություն կամ իշխանություն չկա, իսկ մենք կիսելու հայրենք չունենք: Եվ շատ լավ է, որ պատգամավորները պատրաստակամություն հայտնեցին ՊՆ հետ ավելի սերտ աշխատելու համար»,-ասաց նա:

Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ զինծառայողներից մեկի հուղարկավորության ժամանակ պատգամավորները կրկին միասնական մասնակցել են զինվորի թաղմանը և խոստացել, որ պետք է միասնական լինեն: «Հատուկ խնդրել էի մեր պատգամավորներին, որպեսզի բոլոր խմբակցությունների հետ միասին գնանք թաղմանը: Դրա նպատակն այն է, որ բոլորը, ընդ որում թշնամին,  հասկանա, որ մենք կիսելու հայրենիք չունենք»,- ասաց նա` հստակեցնելով, որ կարևոր չէ, թե ով վաղը կմեկնի դիրքեր, կարևորը՝ բոլորն են ուզում մեկնել, լինել զինվորի կողքին ու սատարել ոչ միայն նախարարությանը, այլև` հայ ժողովրդին:

«Սահմանում ապրող մարդիկ պետք է հասկանան, որ մենակ չեն: Սա մեկանգամյա այց չի լինելու: Դրանք պարբերական բնույթ կկրեն: Մի անգամ ֆրակցիաների ղեկավարները կգնան, հաջորդ անգամ պատգամավերների տարբեր խմբեր կմեկնեն: Դա կլինի ըստ անհրաժեշտության: Մենք սերտել ենք միասնական դիրքորորշման քաղաքականություն»,- հավելեց նա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ իր հերթին մեզ հետ զրույցում ասաց,  որ թեև չի կարող ասել, թե ով կմեկնի դիրքեր, բայց  իրենց խմբակցությունից ներկայացուցիչ անպայման խմբում կունենան:

«Պայմանավորվել ենք, որ վաղը վերջնական հայտարարենք, թե ովքեր են մեկնելու: Թե ով կգնա, չգիտեմ, բայց գնացող կունենանք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նախարարի հետ հանդիպմանը, ապա նա ևս հաստատեց, որ քննարկել են սահմանում ստեղծված իրավիճակը: Ս. Մարգարյանի խոսքով՝ իրավիճակը շատ լուրջ է, որի հանդեպ իսկապես պետք է միասնական դիրքորոշում ցուցաբերել:

«Մենք հանդես կգանք միասնական հայտարարությամբ: Նախարարը ներկայացրեց, թե ինչ է սահմանում կատարվում, մենք մեր վերաբերմունքն արտահայտեցինք և սատարելու պատրաստակամություն հայտնեցինք: Մենք, իսկապես, ունենք ուժեղ բանակ, որը լիարժեք կատարում է իր առջև դրված բոլոր խնդիրները: Մեր սահմաններն ամուր են»,-ասաց նա:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել սատար կանգնել հայրենիքին ու հայ զինվորին:

«Մասնակցել են խմբակցության ղեկավարները, որտեղ քննարկել ու որոշել ենք ցանկության դեպքում բոլոր խմբացկություններից պատգամավորներ մեկնեն սահման, լինեն զինվորի կողքին: Կլինենք ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի մարզում և այլ սահմանային գոտիներում, որտեղ կա սահմանային լարվածություն: Յուրաքանչյուր խմբակցություն իր կարծիքը վաղը կհայտարարի»,-ասաց Բիշարյանը:

Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը խնդիր է դրվել լինել միասնական. Կարծիքներ