.jpg)
Ռազմիկ Խոսրոև. Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում ասորիների Ցեղասպանությունը
Այսօր էլ ասորիների ցեղասպանությունը չի դադարում: Թուրքիայի Հանրապետությունն այսօր էլ շարունակում է իր նախնիների որդեգրած քաղաքականությունն իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ՝ վերացնելով նրանց հոգևոր և նյութական արժեքները: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ասորիների միության քարտուղար, դերասան Ռազմիկ Խոսրոևը:
Ասորական միություններն ու կազմակերպությունները, շարունակեց խոսքը նա, պահանջում են, որ Թուրքիան դատապարտվի միջազգային ատյանների կողմից, և ցեղասպանության հետևանքով տարածքների ու նյութական արժեքների կորուստները հատուցվեն միջազգային նորմերի սահմաններում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ը ասորիների ցեղասպանության օրն է, որը նշվում է նաև Հայաստանում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ասորական համայնքը կհավաքվի Երևանում Նալբանդյանի արձանի հարևանությամբ գտնվող ասորիների հուշաքարի մոտ և իր հարգանքի տուրքը կմատուցի ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ասորիների ցեղասպանության հարյուրամյակի տարելիցի կապակցությամբ ասորական համայնքն ուղերձ է հղել աշխարհի դիվանագետներին՝ պահանջելով դատապարտել հայ և ասորի ժողովուրդների ցեղասպանությունները: Նրանք նաև միջազգային ատյաններին կոչ են անում կատարած ոճրագործությունների համարի դատապարտել Թուրքիային, սակայն կոչ են հղում նաև Հայաստանին, «Ինչու Հայաստանը մինչ օրս չի ճանաչել ասորիների ցեղասպանությունը»,- այսպիսի հարցադրում կատարեց դերասանը:
Ինչպես հայերը, այնպես էլ ասորիները, նրա խոսքով, տարիներ շարունակ ցեղասպանության են ենթարկվել Թուրքիայի կողմից, սակայն Հայաստանը, չգիտես ինչու, չի ճանաչել ասերիների ցեղասպանությունը: «Ասորիները 870.000 զոհ են տվել: Իրաքում՝ պատմական Նինվեի տարածքում, ասորիների վիճակը գնալով էլ ավելի է վատանում: Ասորիներին ստիպում են կրոնափոխ լինել, իսկ այն ասորիները, որոնք դավանափոխ չեն լինում, նրանց վրա այնպիսի ծանր հարկեր են դնում, որ նրանք ստիպված լքում են իրենց պապենական տարածքները», -հավելեց նա:
Դերասանի համոզմամբ, եթե Ցեղասպանության հարյուրամյակն անցնի, հայերի ու ասորիների ցեղասպանությունները կդասվեն մոռացված ցեղասպանությունների շարքին:
«Հայաստանը դեռ չի ճանաչել ասորիների ցեղասպանությունը: Դա ընդհանուր ցավ է: Իսկ եթե Եվրախորհուրդը ճանաչեր հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը, Հայաստանը կճանաչեր ասորիների ցեղասպանությունը», – շեշտեց նա՝ շարունակելով, որ հայ և ասորի ժողովուրդները դարավոր բարեկամներ են, ովքեր ունեն ընդհանուր ցավ:
«Անցյալ տարի մենք ՀՀ ԱԺ ներկայացրեցինք հատուկ բանաձև, սակայն այն չհաստատվեց: Պատճառաբանեցին, թե ձևակերպումները ճիշտ չեն: Այսինքն՝ ուզում են, որպեսզի այնտեղ նշվի նաև մյուս ցեղասպանությունների մասին, որպեսզի այդ օրինագիծն ընդունվի: Իսկ ձևակերպում փոխելը նշանակում է դրանցում ընդգրկել նաև այլ փոքրամասնությունների՝ եզդի, քուրդ և այլ ազգության ցեղասպանությունները: Փորձեցին այդ հարցը շոշափել, բայց չընդունեցին»,-ասաց նա՝ նշելով, որ ասորիներն այսօր պետություն չունեն, իսկ Հայաստանի նման երկիրը ունի թե՛ պետություն, թե՛ համապատասխան գերատեսչություններ:
«Հայաստանն ունի ԱԳՆ, ունի դիվանագիտական կորպուս, Սահմանադրություն, որտեղ ունի հատուկ դրույթ Ցեղասպանության մասին, մինչդեռ մենք չունենք ոչինչ: Մենք անգամ ռեսուրսներ չունենք, որպեսզի կարողանանք քայլեր ձեռնարկել»,- ասաց Խոսրոևը՝ կոչ անելով հայեին ճանաչել ասորիների ցեղասպանությունը:
«Հայաստանում մեծ է ասորական համայնքը, ով աչքի է ընկել իր կրթական մակարդակով, մշակութային կյանքով: Բոլորը տեսնում են, թե ինչ վիճակում են Արևելքում բոլոր քրիստոնյաները: Սա նշանակում է, որ եթե մենք չպայքարենք, ապա այդ սպանդը կշարունակվի նաև այսօր: Ասրիները տարիներ շարունակ իրենց պապենական հողերի վրա ամեն քարից ստեղծում են հաց, բայց ազգային փոքրամասնություն են համարվում»,-նշեց նա:
Նշենք, որ Հայաստանում ասրիները ապրում են հիմնականում Կոտայքի, Արմավիրի և Արարատի մերզերի գյուղերում:
«Ասորիներ այսօր ապրում են Արտաշատի Դվին քաղաքում, Դիմիդրովկայում, ևս երկու գյուղերում: Հայաստանում ասորիկները որևէ քաղաքական խնդիր չունեն: Մեր հիմնական խնդիրները դրանք կրթական ու մշակութային խնդիրներն են»,-ասաց նա՝ նշելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում կարելի է ասել, որ կրթական համակարգը քիչ թե շատ կայացել է. «Մնում է հոգալ մշակութային խնդիրները»:
Ասորական արևելյան եկեղեցու հոգևոր հայր Նիկադին Յուխանայևը ևս Հայաստանին կոչ արեց ճանաչել ասորիների ցեղասպանությունը: