Ռուբեն Բաբայան. Պատերազմի վտանգը կա, բայց հավանականությունը քիչ է
05/08/2014 14:05

Ռուբեն Բաբայան. Պատերազմի վտանգը կա, բայց հավանականությունը քիչ է

Պրոֆեսոր Ռուբեն Բաբայանի կարծիքով սահմանային լարվածությունը երկու հասարակությունների համար էլ դաս էր: Ինչ վերաբերում է պատերազմին,  ապա նրա խոսքով, դա այս պահին քիչ հավանական է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանի լարվածությանը, նա նշեց՝ սահմանային միջադեպերը թեև հասարակության շրջանում որոշակի տագնապ առաջացրեցին, բայց դրական ազդեցություն ունեցան:

«Այս միջադեպերից կարողացանք մի քանի դասեր քաղել ոչ միայն մենք, այլև` Ադրբեջանը: Մեր հասարակությունը վերջապես հասկացավ, որ պետք է միասնական լինի: Անշուշտ հայրենասիրության ոգին բարձրացավ, բայց տագնապն այդքան մեծ չէր: Մենք հասկացանք, որ մեր դիրքերն ամուր են ու պաշտպանված»,-ասաց նա՝ շարունակելով, որ հնչող բոլոր գնահատականները հիմնականում սթափ էին ու ադեկվատ:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ հասարակությունը, վերջապես,  հասկացավ նաև, որ ինքը կարող է հավատալ և հույսը դնել միայն սեփական ուժերի վրա: «Մեր բանակը հասարակության հայելին է, որը պետք է կրթված ու ինտելեկտուալ լինի, իսկ որ ամենակարևորն է՝ Հայաստանը զգաց, որ Ռուսաստանի արձագանքը դա ռազմական դաշնակցի արձագանք չէր: Այս ամենի նախաձեռնողն Ադրբեջանն է և դա քողարկելու չէ»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա բանախոսի խոսքով՝ ադրբեջանցիները հասկացան, որ այսօր նրանք պատրաստ չեն պատերազմի: «Ադրբեջանը հասկացավ, որ Ռուսաստանը չարձագանքեց և չի էլ արձագանքելու: Ադրբեջանը համոզվեց նաև, որ հայկական դիրքերն իսկապես ամուր են և կարողանում են թշնամուն արժանի հակահարված տալ»,-ասաց նա:

Ռ. Բաբայանի համոզմամբ՝ սահմանի լարվածությունը չի բացառվում թուլանա կամ ակտիվանա երկու երկրների նախագահների հանդիպումի հետո: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ուզում է Արցախում խաղաղապահ ուժեր տեղադրի, իսկ դա ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին, որովհետև այն հակասում է թե՛ Ադրբեջանի, և թե՛ Հայաստանի շահերին: Եթե պատերազմ լինի,  մենք կկորցնենք Արցախը, իսկ Ադրբեջանն՝ այն ունենալու հույսը: Տարածաշրջանում պատերազմին դեմ են նաև Իրանն ու Վրաստանը, դեմ է անգամ Ռուսաստանը: Ամեն դեպքում ամեն ինչ պարզ կդառնա այդ հանդիպումից հետո: Պարզապես, իսկապես, ժամանակն է, որ մենք սթափ մտածենք ու մշակենք մեր հետագա քայլերը: Մենք պետք է հասկանանք նաև, որ մեր բանակը չի կարող գործել խորհրդային բարքերով:»,- ասաց նա:

Հայաստանը, նրա խոսքով, ամեն րոպե պետք է սպասի պատերազմի: «Պատերազմը մեզ համար երկրաշարժի նման մի բան է, որն ամեն վայրկյան կարող է ծնվել: Մեր բարձրաստիճան այրերը պետք է հասկանան, որ պետք է նոր դաշնակիցնեռր փնտրեն»,-հավելեց նա՝ ընդգծելով, որ բանակի թիկունքում լինելն այսօր շատ կարևոր է: 

Ռուբեն Բաբայան. Պատերազմի վտանգը կա, բայց հավանականությունը քիչ է