.jpg)
Կարևորը ոչ թե Սարգսյան-Ալիև հանդիպման վայրն է, այլ` արդյունքը. Դեսպան
Մենք հուսով ենք, որ վաղը Սոչիում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը կթեթևացնի սահմանի լարվածությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:
«Միակ բանը, որ կարող ենք հիմա անել՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- ասաց դեսպանը` իր ցավակցությունը հայտնելով զոհված զինվորների ընտանիքներին:
Դիվանագետը չկարևորեց, թե որտեղ է տեղի ունենում հանդիպումը, այլ` կարևորեց նախագահների հանդիպումը և արդյունքը:
«Մենք անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը: Սպասենք ու տեսնենք, թե ինչ ելքեր կլինեն այդ հանդիպումից, այնուհետև` ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջ կտանի սեղանին դրվող առաջարկները»,- ասաց Քեթրին Ջեյն Լիչը:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս կմեկնաբանի նախօրեին Իլհամ Ալիևը առաջին գծում արած ռազմատենչ հայտարարությունները և ինչո՞ւ միջազգային հանրության կողմից քննադատությունը անվանական չի արվում, դեսպանը պատասխանեց.
«Այսօր միջազգային հանրության նպատակն է կենտրոնանալ հանդիպման վրա և կոչ անել կողմերին` ավելագույն ջանքեր գործադրել լարվածությունը մեղմելու ուղղությամբ»:
Նախորդող հրապարակում՝ Նախագահը մեկնում է Սոչի. Սարգսյան-Պուտին հանդիպումը` օգոստոսի 9-ին