.jpg)
ՀԱԿ-ը մերժում է Հովիկ Աբրահամյանի` քարոզարշավին մասնակցելու հրավերը
ՀԱԿ խմբակցությունը տարածել է հաղորդագրություն, ուրում անդրադարձ է կատավրում ԱԺ խմբակցությունների և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը, քննարկմանը և պատգամավորների` սահման այցելությանը:
ՀԱԿ հաղորդագրության համաձայն` սակայն խմբակցությունն իր որոշումը փոխել է.
«Օգոստոսի 4-ին ԱԺ խմբակցությունների հետ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ քննարկվեց շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված լայնածավալ հարձակումների հետևանքով ստեղծված լարված իրավիճակը: Քննարկման արդյունքում խմբակցությունները որոշում կայացրին հանդես գալ հայոց բանակին և զինվորներին աջակցելու միասնական հայտարարությամբ, ինչպես նաև որոշվեց խմբակցությունների ղեկավարների համատեղ այցով մեկնել ճակատի գիծ և հանդիպումներ անցկացնել հայրենիքի պաշտպանության գործով զբաղված զինվորների և հրամանատարական կազմի հետ:
Հայաստանի քաղաքական ուժերի միջև կայացած այս աննախադեպ համաձայնության նպատակն էր՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար վտանգի պահին բանակի շուրջ բոլոր քաղաքական ուժերի համախմբվածության ցուցադրումը ագրեսորին:
Օգոստոսի 5-ին տարածվեց վեց խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը: Թվում էր, թե նույնքան անշեղորեն կիրականացվի նաև դեպի շփման գիծ կատարվելիք այցերի մասին ձեռք բերված համաձայնությունը, և որևէ քաղաքական ուժ չի փորձի միակողմանիորեն այն խախտել՝ ստորադասելով ազգային շահերը նեղանձնական կամ նեղկուսակցական քարոզչական դիվիդենտներ քաղելու էժանագին նպատակին:
Օգոստոսի 7-ին, սակայն, Ազգային Ժողովի ղեկավարությունը տեղեկացրեց Հայ Ազգային Կոնգրես խմբակցությանը, որ ի փոփոխություն ձեռք բերված պայմանավորվածության՝ տեղի կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը դեպի շփման գիծ և ԱԺ խմբակցությունների ղեկավարները հրավիրվում են մաս կազմել նրա պատվիրակությանը:
Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը, տեղեկանալով ԱԺ խմբակցությունների միջև օգոստոսի 4-ին ձեռք բերված համաձայնության մասին, որոշել է օգտագործել այն սեփական անձի գովազդման նպատակով, ինչպես նաև, կցելով խորհրդարանական պատվիրակությունն իրեն, փոխարինել ազգային շահերի շուրջ համախմբան խորհրդանիշը՝ իշխանության շուրջ համախմբման պատրանքով: Հովիկ Աբրահամյանի նման գործելակերպը ուղղված է, ըստ էության, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնության և ձեռք բերված համաձայնության տապալմանը:
Հայ Ազգային Կոնգրեսը հետևաբար մերժում է Հովիկ Աբրահամյանի քարոզարշավին մասնակցելու հրավերը և վերահաստատում իր պատրաստակամությունը իրականացնելու Սեյրան Օհանյանի հետ օգոստոսի 4-ին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ զորամասեր և շփման գիծ կատարվելիք ինչպես համատեղ, այնպես էլ առանձին այցերի վերաբերյալ»,- ասված է հայտարարությունում: