.jpg)
Շանթ Հարությունյանի գործ. Հերքվել է տուժողի գլխին խփելու հանգամանը
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվել է տուժող փոխգնդապետ Վարդան Հակոբյանը: Նա ասաց, որ Շ. Հարությունյանին մինչ նոյեմբերի 5-ը տեսել էր Ազատության հրապարակում հացադուլի ժամանակ և հետաքրքրվել, թե ինչպես է իրեն զգում, առաջարկել է շտապօգնություն կանչել, եթե դրա կարիքը կա:
Վ. Հակոբյանի խոսքով՝ Շ. Հարությունյանն ու նրա ընկերները բողոքի երթ են նախատեսել և ինքը Օպերա ծառայության է գնացել, հարցուփորձ են արել Շ. Հարությունյանին, թե ո՞ւր են գնում և ի՞նչ են ուզում անեն:
«Դիմակներ, փայտեր էին բերել ու այդպես շարժվեցին Մաշտոցի պողոտա, սակայն մինչև վերջ չգիտեին, թե ինչ գործողություններ են անելու: Մաշտոցի պողոտայում միանգամից փողոց դուրս եկան, սկզբում երկու հոգով, որից հետո սկսվեց քաշքշուկ, խառնաշփոթ և երթի մասնակիցները սկսեցին փայտերով հարվածել ոստիկաններին»,- ասաց նա, նշելով, որ նրանցից մեկն էլ փայտով խփել է իր գլխին, ապա հարվածներ է ստացել ուսին և մեջքին:
Փաստաբան Հովհաննես Քոչարյանը փոխգնդապետին ասաց, որ դատարանում հերքվել է նրա գլխին խփելու հանգամանքը, սակայն վերջինս կրկին պնդեց դա:
Ամբաստանյալ Վարդան Վարդանյանի հարցին՝ հիմա բողոք ունե՞ք, փոխգնդապետն ասաց. «Բողոքում եմ, դուք ինձ խփել եք»: Վ. Վարդանյանը սրան ի պատասխան ասաց, որ իրենք հարվածելու իրավունք ունեին, քանի որ 6 սադրիչ է ուղարկվել երթին և ինքը խփել է, քանի որ իր ընկերոջ վզից բռնել, քաշել են, ինչի հետևանքով էլ կոնֆլիկտ է առաջացել:
Ամբաստանյալը միջնորդեց դեպքի տեսանյութը կրկին դիտել դատարանում, և դատավորը բավարարեց նրա միջնորդությունը:
Դատական նիստը նշանակվել է օգոստոսի 13-ին:
Նախորդող հրապարակում՝ «Մեր իշխանությունները պետք է ԵԱՀԿ-ից պահանջեն ՌԴ-ին հեռացնել»