Ստյոպա Սաֆարյան. Կատարվածը ստորացուցիչ է Ադրբեջանի նախագահի համար
08/08/2014 14:17

Ստյոպա Սաֆարյան. Կատարվածը ստորացուցիչ է Ադրբեջանի նախագահի համար

Առաջին փուլում Ադրբեջանը փորձել է աշխատել հոգեբանական ազդեցության վրա՝ փորձելով հոգեբանորեն ընկճել Հայաստանի և Արցախի բնակչությանը և ցուցադրել ձեռքբերած նոր սպառազինությունները, բայց հայկական բանակին հաջողվեց ձախողել Իլհամ Ալիևի արկածախնդրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը այս քայլերով մտածում էր ճեղքել սահմանի որոշ հատվածներ, Տավուշում գործողություններ հրահրելով՝ այնտեղ կենտրոնացնել հիմնական հայկական զինուժը և բուն գործողություններ կատարել Արցախում, սակայն այժմ Բաքուն չգիտի, թե ինչ անել այս պահին:

«Կատարվածը ստորացուցիչ է Ադրբեջանի նախագահի համար, որովհետև այսքան տարի զինվելու և ռազմական բյուջեն այսքան մեծացնելու դեպքում հարձակվել ու տանուլ է տվել: Ալիևը կամ պետք է խոստովանի, որ 17 անգամ համամասնությունը պետք է մեծացնի կամ նոր արկածախնդրությունների գնա»,-ասաց նա:

Ս. Սաֆարյանը Ադրբեջանի ստրատեգիան հայկական սահմանների պարագայում նմանեցրեց տեռորիզմի ստրատեգիային, երբ թիրախավորելով խաղաղ բնակչին՝ փորձում են ազդել հակառակորդի քաղաքական կամքի վրա:

Ս. Սաֆարյանը ասաց, որ մենք պետք է դասեր քաղենք մեր քարոզչությունից:

«Քարվաճառի դիվերսանտները պրոֆեսիոնալներ են և լուրջ ռազմական կրթություն ունեն, բայց մեր քարոզչությունը ուղղակի հաստատեց ադրբեջանական վարկածը, որ նրանք խորոված էին անում: Մենք պետք է դասեր քաղենք դրանից, որովհետև Ադրբեջանը նոր դիվերսիաների է գնալու նաև պատանդների սակարկության առիթ ունենալու համար»,- ասաց Ս. Սաֆարյանը: 

Անդրադառնալով ԱԺ պատգամավորների և Արտաքին գործերի նախարարության քայլերին, նա ասաց, որ դրանք իրեն զարմացրել են, քանի որ մինչև օրս որևէ հայտարարություն չի տարածվել, թեև կան քայլեր, որոնք անհրաժեշտ է անել:
 

Ստյոպա Սաֆարյան. Կատարվածը ստորացուցիչ է Ադրբեջանի նախագահի համար