Ստեփան Մարգարյան. Եռակողմ հանդիպումից հետո լարվածության թուլացում կլինի
11/08/2014 14:16

Ստեփան Մարգարյան. Եռակողմ հանդիպումից հետո լարվածության թուլացում կլինի

Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպումից հետո սահմանին լարվածության թուլացում կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ ընդգծելով՝ հետագա գործընթացների վրա այս հանդիպումն անշուշտ ազդեցություն կունենա:

«Հանդիպման արդյունքները լիովին դեռ չեմ կարող գնահատել, բայց այն շատ կարևոր էր, քանի օր այն իրավիճակը, որ մենք հիմա ունենք, չենք ունեցել սկսած 1994 թվականից»,- ասաց Ստեփան Մարգարյանը՝ ընդգծելով, որ շատ կարևոր էր, որ կողմերը՝ հատկապես Ադրբեջանի նախագահը, շեշտեցին հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի վերջին ակտիվացումները սահմանին պայմանավորված էին վերջին ժամանակաշրջանում արտաքին աշխարհում Հայաստանի հեղինակության անկմամբ:

«Սա Ալևին հույս տվեց մտածելու, որ Հայաստանը թուլացել է, և ինքը կարող է իր ուզածն անել: Փառք ու պատիվ մեր բանակին, որ Ալիևի ծրագրավորածը չիրականացավ: Բանակը լավ է կատարում իր առաջ դրած խնդիրները: Բայց աշխարհում որևէ բանակ, առանց թիկունքից դիվանագիտական լուրջ արդյունքի, չի կարող առաջ գնալ»,- ասաց Ստեփան Մարգարյանը՝ հավելելով, որ մենք պետք է լուրջ աշխատենք աշխարհի հետ, որ հասկանանք` ումից ինչ սպասել:
 

Ստեփան Մարգարյան. Եռակողմ հանդիպումից հետո լարվածության թուլացում կլինի