.jpg)
Սեյրան Օհանյանը՝ տանկիստների մասին. Կարող ենք հպարտանալ մեր տղաներով
Կարելի է շատ մեծ քանակությամբ զրահատեխնիկա ունենալ, բայց չկարողանալ այն օգտագործել մարտական գործողությունների ժամանակ: Կարելի է քիչ ունենալ, բայց այն վստահել հմուտ, հոգատար մարդկանց ու նրանց պատրաստել երկրի պաշտպանությանը:
Այս մասին նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում «Տանկային բիաթլոն-2014» աշխարհի առաջնությունում երկրորդ տեղը գրաված մեր տանկիստներին դիմավորելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մեր տղաներն այդ բիաթլոնի ժամանակ այնպես գործեցին, որ կարող ենք միայն ու միայն հպարտանալ նրանցով: Մեզ համար անսպասելի չէր նման լավ ելույթը, քանի որ մեր զինվորների պատրաստությունը շատ բարձր մակարդակի վրա է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներում ՀՀ ԶՈւ տանկիստների երեք անձնակազմերը զբաղեցրեցին երկրորդ տեղը՝ զրիջելով միայն Ռուսաստանի ԶՈւ տանկիստներին: Ընդհանուր առմամբ միջազգային մրցումներին մասնակցել են 12 պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Սերբիայի տանկային 36 անձնակազմեր: Հայաստանը կարողացել է առաջ անցնել այնպիսի երկրի ԶՈւ տանկիստներից, ինչպիսին օրինակ Չինաստանն է:
Ուշագրավ է, որ մեր երեք անձնակազմերն էլ կազմված են եղել հիմնականում ժամկետային զինծառայողներից: Ի տարբերություն մյուս երկրների, որոնցից մրցումներին մասնակցելու եկել էին միջին տարիքի, փորձառու պայմանագրային ծառայողները:
Նախորդող հրապարակում՝ «Տանկային բիաթլոն-2014». ՀՀ ԶՈւ տանկիստները զբաղեցրեցին երկրորդ տեղը