25/08/2014 15:02
Արցախը պատրաստ է նաև Իրաքից փախած եզդիներին աջակցություն ցուցաբերել
Վերաբնակեցման բուն գործընթացը շարունակվում է: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Չի եղել վերաբնակեցման ծրագիր, որն իրականացնենք միայն մի հատվածում: Վստահ եմ, որ մշտապես ունենալու ենք Արցախի ժողովրդացման ծրագիրը, որն ընդունվել է Արցախի կառավարության կողմից: Պարզապես պետք է աշխատենք հնարավորինս ավելի շատ մարդ վերաբնակեցնելու ուղղությամբ: Այսօր էլ այդ աշխատանքները շարունակվում են»,- նշեց Ա. Ղուլյանը՝ ընդգծելով, որ վերաբնակեցման ծրագրերը իրենք իրենց կամ հանպատրաստից չեն լինում:
Ա. Ղուլյանը շեշտեց, որ բոլորի ցանկությունն է ամեն տարի մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց վերաբնակեցնել Արցախի տարբեր շրջաններում, սակայն այս պահի դրությամբ ֆինանսական ու տնտեսական միջոցները թույլ չեն տալիս.
«Ֆինանասկան ու տնտեսական հնարավորություններն առայժմ մեծ չեն, որպեսզի մեծ ծավալներով հնարավորինս շատ մարդկանց վերաբնակեցնենք այդ շրջաններում: Այդ միջոցները թեև սուղ են, բայց մենք այսօր էլ կարողանում ենք այդ ծրագիրն առաջ տանել»,- ասաց ԱԺ նախագահը՝ ընդգծելով, որ տարեց տարի Արցախում վերաբնակեցվող մարդկանց թիվն աճում է:
Ա. Ղուլյանը հավելեց, որ վերջին շրջանում Արցախում վերաբնակեցվում են հատկապես սիրիահայեր: «Իհարկե, այդ մարդկանց թիվը նույնպես մեծ չէ, բայց, ամեն դեպքում, կարողանում ենք սիրիահայերի վերաբնակեցման խնդիրը լուծել: Սիրիահայ ընտանիքներ Արցախ նախկինում ևս տեղափոխվել են: Իսկ նոր ընտանիքները այստեղ են տեղափոխվում, հիմնականում, հնաբնակների շնորհիվ: Նրանք վերաբնակեցվում են հիմնականում Քաշաթաղի շրջանում»,- մանրամասնեց Ա. Ղուլյանը՝ ընդգծելով, որ թեև Արցախը մեծ ցանկությամբ պատրաստ է թվով ավելի մեծ հայրենակիցներ ընդունել, սակայն այս պահի դրույթամբ չկան բավարար միջոցներ:
ԼՂՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Արցախը միտք չունի նաև վերաբնակեցման ծրագրերի ներքո այլ նպատակներ քողարկելով հիմնել նոր գյուղեր և դրանք լցնել մարդկանցով: Ըստ նրա՝ այդպիսի ծրագրերի համար անհրաժեշտ են նախ լուրջ միջոցներ, ապա հնարավորություններ: «Սահմանամերձ ծայրամասային գյուղերը վերաբնակեցնելու համար նախ պետք են հսկայական միջոնցեր: Եվ դրանք վերաբնակեցնելու համար պետք է նաև զուգահեռ կարողանանք ապահովել նրանց անվտանգությունը: Մենք պետք է ոչ միայն սահմանամերձ գյուղերում բնակվող արցախցիներին մեծ ուշադրույթուն դարձնենք, այլև վերաբնակեցված մարդկանց, որպեսզի տարբերություն չնկատվի»,- հավելեց նա:
Անդրադառնալով եզդիների խնդրին և պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ Ա. Ղուլյանը կարծիք հայտնեց, որ դիվանագիտական հարթակում պետք է աշխատել, ապա ընդգծեց, որ Արցախը պատրաստ է նաև Իրաքից փախած եզդիներին աջակցություն ցուցաբերել: «Պետք է նրանց առանց երկար-բարակ մտածելու աջակցել: Պաշտոնական Արցախը չի բացառել, որ իր հնարավորությունների սահմաններում պատրաստ է նրանց օգնել, բայց չեմ կարծում, թե եզդիների տեղափոխումը կլինի այնպիսի ծավալներով, որը պատկերացնում են: Նման հարցերում ճիշտը աշխատելն է: Իսկ դիվանգիտական առումով՝ առայժմ դժվարանում եմ որևէ բան ասել, բայց ես գտնում եմ, որ այդ արդյունքների հետևից մենք չպետք է ընկնենք: Դա համամարդկային խնդիր է, որի տակ քաղաքական կամ դիվանագիտական քայլ որոնելն այս պահի դրությամբ անիմաստ է: Ավելի լավ է, մենք հանգիստ մեր հնարավորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերենք նրանց»,- եզրափակեց Աշոտ Ղուլյանը:
Նախորդ հրապարակումներ՝ Վստահ ենք, որ Լևոն Հայրապետյանը շուտով ազատության մեջ կլինի. Ղուլյան
Հայն ունի մի շատ կարևոր առաքելություն՝ պայքարել ընդդեմ թշնամու. Ղուլյան