25/08/2014 12:38
Հայն ունի մի շատ կարևոր առաքելություն՝ պայքարել ընդդեմ թշնամու. Ղուլյան
Երբ Արցախում իրավիճակը փոքր-ինչ վատանում է, մենք շատ ավելի հեշտ ենք միմյանց հետ շփվում և միասնական դառնում, քան առօրյայում է: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: «Պետք է այնպես անենք, որպեսզի չխաթարվի այդ համախմբվածությունը»,- ասաց նա:
Կարևորելով լրագրողների հետ շփումները՝ Արցախի ԱԺ նախագահը նշեց, որ նմանատիպ հանդիպումներն առանձնահատուկ նշանակություն ունեն: «Դրանք կարևոր են ոչ միայն իրենց ձևաչափով, այլև՝ բովանդակությամբ: Պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր լրատվամիջոցներին, որ սրտացավ են Արցախի ժողովրդի համար, և որ աշխարհի բոլոր երկրների ուշադրությունը հրավիրում են արցախյան խնդրի վրա»,- ասաց Ղուլյանը:
Անդրադառնալով սահմանային վերջին իրադարձություններին՝ Արցախի ԱԺ նախագահն ընդգծեց, որ դրանք ցույց տվեցին, որ իսկապես՝ արժե հպարտանալ Հայոց բանակով ու հայ ժողովրդի համերաշխությամբ, սոցիալական ու տնտեսական խնդիրները հաղթահարելու ունակությամբ: «Այս հանդիպումը կարևոր է նրանով նաև, որ այն նախորդում է ԼՂՀ անկախության հռչակման օրվան՝ սեպտեմբերի 2-ին: Արդեն 23 տարի է, ինչ խոսում ենք մեր անկախության մասին և այդ տարիների ընթացքում, իսկապես մեզ հաջողվել է զբաղվել պետականաշինությամբ և այսօր էլ շարունակում է այդ ուղղությամբ կարևորագույն քայլեր ձեռնարկել: Շատ կարևոր է թիկունքում ունենալ նաև Մայր Հայաստանի աջակցությունը, ամբողջ Սփյուռքի օժանդակությունը, որն ամեն տարի զգում ենք»,- հավելեց Ղուլյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 2-ը միայն արցախցիների տոնը չէ: Այն համահայկական տոն է.
«Երկրորդ հայկական Հանրապետությունը ստեղծելով և կերտելով՝ մենք կարողացել ենք երկար տարիների ու մի քանի դարերի ազգային փափագն իրականացնել: Մենք պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել, որ ավելի ամրացնենք ու զարգացնենք երկու հանրապետությունների միջև համագործակցությունը: Մենք պետք է ընդլայնենք բոլոր հնարավորությունները: Անկախ նրանից, թե հայը որտեղ է ապրում՝ Արցախի սահմանում, որը շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին, թե Հայաստանի սհամանամերձ գյուղերում, կամ Երևանի կենտրոնում և Ստեփանակերտում, կարևորը, որ նա իրեն լիարժեք ազատ ու անկախ զգա: Մենք պետք է միշտ էլ զգանք, որ հայն ունի մի շատ կարևոր առաքելություն. այն է՝ պայքարել ընդդեմ թշնամու»,- նշեց Ա. Ղուլյանը: