.jpg)
Սաշիկ Սուլթանյան. Իրաքի հյուսիսում սպանվել է մոտ 20 հազար եզդի
Իրաքի հյուսիսային Շանգալ նահանգում, նախնական տվյալներով, սպանվել է 20 հազար եզդի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը, ով օրերս է վերադարձել Թուրքիայում եզդի փախստականների ճամբարից:
«Եզդիների սպանությունն այս շրջանում տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ: Որդիներին սպանել են մայրերի աչքի առաջ, իսկ կանանց հիմանականում չեն սպանել, այլ՝ վաճառել են Մոսուլի շուկայում»,- պատմեց Սաշիկ Սուլթանյանը:
Ասուլիսի մյուս բանախոս «Սինջար եզդիների միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազիի խոսքով՝ փախստական եզդիները ցանկություն չունեն վերադառնալու իրենց հիմնական բնակության վայրեր.
«Պատճառն այն է, որ կա ցեղասպանության կրկնման վտանգ: Բացի այդ, օրինակ կան ընտանիքներ, որոնց 40 անդամներից միայն երկուսն են ողջ մնացել: Շատ ընտանիքներում էլ անգամ չգիտեն, իրենց այս կամ այն հարազատը ողջ է, թե՞ սպանվել է»,- ասաց Բորիս Մուրազին՝ բացատրելով, որ սա դժվարեցնում է զոհերի ընդհանուր հստակ թվի հաշվարկումը: