.jpg)
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Թուրքիայի համար խնդիրներ է առաջացնելու. Թուրքագետ
Թուրքիայում նախագահական ընտրություններից հետո իրականում ոչինչ չի փոխվել, ուժային դիրքերը նույնն են` Էրդողանը ղեկավարն է, Դավութօղլուն` նրա օգնականը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` շարունակելով խոսքը, թե քաղաքական գիծը շարունակվելու է նախկինի պես:
Անդրադառնալով այսօր Ուելսում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին` Ա. Շաքարյանը կարծում է, որ այն Թուրքիայի համար որոշակի խնդիրներ է առաջացնելու.
«Գերտերությունները Թուրքիայից պահանջում են Իսլամական պետությանը դեմ կեցվածք ընդունել»,- ասաց թուրքագետը` ավելացնելով, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ևս մեկ թիրախ ունի՝ հակառուսական կոալիցիայի ստեղծումը, որից Թուրքիան խուսափում է:
Թուրքիան, շարունակեց խոսքը Ա. Շաքարյանը, տնտեսական և ռազմավարական մեծ կապեր ունի Ռուսաստանի հետ և չի ցանկանում բացահայտ կերպով հակառուսական դիրք գրավել:
«Էրդողանը փորձելու է այս երկու հիմնարար քարերը գլորելու համար առաջ բերել շեղող հարցեր, ինչպես օրինակ Արցախի հարցն է: Փորձելու է ոչ թե խոսել Արցախյան խնդիր մասին, այլ` քննարկել Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունները, ինչն իրատեսական չէ»,- ասաց բանախոսը: