.jpg)
ԱԳՆ. ԵՏՄ-ին անդամակցելու հարցում Լեռնային Ղարաբաղը խոչընդոտ չէ
Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցության հարցում Լեռնային Ղարաբաղը խոչընդոտ լինել չի կարող: Այս մասին այսօր Հայաստանի և Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդգծելով, որ շուտով անդամակցության գործընթացում կլինեն կոնկրետ արդյունքներ:
«ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ ընթացող բանակցությունները գնահատում եմ դրական»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է այս հարցում Լեռնային Ղարաբաղի դերակատարությանը՝ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ Ղարաբաղի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով հայտարարություններ եղել են Հայաստանի, ՌԴ-ի կողմից և հստակորեն ասվել է, որ խոսք չի գնում այն մասին, որ ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական միությանը ԼՂՀ-ի հետ միասին:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հետագա հարաբերություններին, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ համագործակցությունը շարունակվելու է բոլոր հնարավոր ոլորտներում:
«Սա է Եվրամիությանը մեր մոտեցումը, շարունակելու ենք աշխատանքները և ջանքերը»,- ասաց արտգործ նախարարը:
Նախորդող հրապարակում՝ Էդվարդ Նալբանդյան. ՆԱՏՕ-ի հռչակագիրը վնասում է բանակցային գործընթացը