Գևորգ Դանիելյան. Այլընտրանք չկա, կանգ ենք առել խորհրդարանական ձևի վրա
09/09/2014 13:12

Գևորգ Դանիելյան. Այլընտրանք չկա, կանգ ենք առել խորհրդարանական ձևի վրա

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական նախագծում այլընտրանք չկա, կանգ ենք առել խորհրդարանական ձևի վրա: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը` ավելացնելով, որ ժողովրդավարական երկրներում միտում կա հաստատել խորհրդարանական կառավարման համակարգ:

Հայեցակարգի հանրային քննարկումների ընթացքում, շարունակեց խոսքը Գ. Դանիելյանը, ակնհայտ էր, որ հիմնականում կողմնակից էին խորհրդարանական կառավարման ձևին:

«Քիչ էին կիսանախագահական կառավարման ձևի կողմնակիցները»,- ընդգծեց Գ. Դանիելյանը:
Սահմանադրական բարեփոխումների արդյունքում, Գ. Դանիելյանի խոսքով, մեր սահմանադրությունն արմատապես կփոխվի.

«Այս բարեփոխումները հնարավորություն կտան պարբերաբար զարգացնել սահմանադրականությունը: Այսօր նման գործընթաց չկա, չենք կարող մեկնաբանել Սահմանադրությունը, ընդունել օրգանական հիմնարար օրենքներ, որոնք ավելի ուժ կունենա, քան գործող օրենքները»:

Գ. Դանիելյանն ասաց նաև, որ բարեփոխումները խոհրդարանական փոքրամասնություններին վերահսկողական ծառայություններում պատասխանատու դիրքեր ունենալու հնարավորություն կտան. «Այս փուլում մենք գտնում ենք, որ անհրաժեշտ են նման վերադասավորումներ»:

Անդրադառնալով քաղաքական այն ուժերի դիտարկումներին, թե սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն այս փուլում չկա` Գ. Դանիելյանն ասաց, որ նման հայտարարությունները որևէ կերպ հիմնավորված չեն.

«Հաջողության հասնելու դեպքում կնպաստենք նաև մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Այս փոփոխությունները չեն նպաստելու իշխանության վերարտադրությանը»:

Գևորգ Դանիելյան. Այլընտրանք չկա, կանգ ենք առել խորհրդարանական ձևի վրա