Զոհրաբյան. ԲՀԿ-ն հավակնում է նախագահի աթոռին, հակառակն անտրամաբանական է
09/09/2014 14:22

Զոհրաբյան. ԲՀԿ-ն հավակնում է նախագահի աթոռին, հակառակն անտրամաբանական է

Դա շատ նորմալ է, որ հանրային մեծ վստահություն ունեցող այնպիսի քաղաքական ուժ, ինչպիսին «Բարգավաճ Հայաստանն» է,  հավակնի առաջադրելու նախագահի սեփական թեկնածուն: Եվ այդտեղ դատապարտելու ոչինչ չկա, առավել ևս, որ հակառակը կլիներ անտրամաբանական: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, այն մասին, թե այն քաղաքական ուժերը, որոնք կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին, բայց դեմ են սահմանադրական բարեփոխումներին, ընդամենը աթոռակռիվ են տալիս` հավակնելով նախագահի աթոռին:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` պատգամավորը տեղեկացրեց, որ կուսակցությունն առաջիկայում առավել հանգամանալից կներկայացի, թե ինչու է այն կարծիքին, որ այս փուլում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա:

Իսկ թե որքանով են համապատասխանում այն լուրերը, թե ՀՅԴ-ն պատրաստվում է լքել քառյակի ձևաչափը, քանի որ սահմանադրական բարեփոխումների շուրջ այդպես էլ քառյակում կոնսենսուսի չեն կարողանում գալ, Ն.Զոհրաբյանն արձագանքեց այսպես.

«Ճիշտ կլինի այդ հարցին պատասխանի ՀՅԴ-ն: Բայց ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ քառյակում ներկայացված այն ուժերը, որոնք գտնում են, որ այս փուլում սահմանադրական փոփոխություններ անելու որևէ անհրաժեշտություն չկա, իրենց ծրագրերում փոփոխություն անեն: Ճիշտ կլինի բոլոր այդ հարցերի պատասխանները ստանալ քառյակի հանդիպումից հետո»: 

«Ժառանգություն» խմբակցության պատգաավոր Զարուհի Փոստանջյանն էլ թեմայի շուրջ ասաց, որ քառյակը փոքր համագործակցություն է խորհրդարանի ներքո և դեռ չի վերաճել այնպիսի համագործակցության, որը կսպասարկի համազգային շահը`ամբաղջական իշխանափոխություն, ԱԺ-ի լուծարում, նոր նախագահական ընտրություններ:

«Հենց ազգային շահի սպասարկման գործընթացը կսկսվի, իսկ ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի, այն ուժերը, որոնք դուրս կմնան այդ գործընթացից, դուրս կմնան նաև քաղաքական գործընթացներից»,- ասաց նա:

Զոհրաբյան. ԲՀԿ-ն հավակնում է նախագահի աթոռին, հակառակն անտրամաբանական է