Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին
11/09/2014 15:23

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, նույն վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, սենատոր Ալեն Ներիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների ներդրումը` հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, և նշել, որ խորհրդարանական ձևաչափով ակտիվ շփումները մեծապես նպաստում են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել զարգացմանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է Հայաստանի և Արցախի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի անդամ ֆրանսիացի սենատորների և պատգամավորների ներկայացուցչական պատվիրակության այցելությունը Հայաստան և Արցախ` ընդգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում` առաջին ձեռքից տեղեկանալու տարածաշրջանային գործընթացների մասին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ֆրանսիացի սենատորներն ու պատգամավորներն ասել են, որ տպավորված են Արցախ այցելությունից, իշխանությունների և բնակչության հետ հանդիպումներից։ Նրանց բնորոշմամբ` արցախցինները, ապրելով ոչ դյուրին պայմաններում, հաջողությունների են հասել պետակաշինության և զարգացման գործում։

Նրանք վստահեցրել են, որ շարունակելու են ջանքերը` հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման նպատակով։

Զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում հայկական և ֆրանսիական պատվիրակությունների համագործակցությանն առնչվող հարցեր։

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
Հանդիպմանն անդրադարձ է  կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների։ 

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին