Լ. Զուրաբյան. ՀՀԿ-ն ցույց տվեց, որ պատրաստ չէ «խրամատներում» ծառայել
12/09/2014 13:33

Լ. Զուրաբյան. ՀՀԿ-ն ցույց տվեց, որ պատրաստ չէ «խրամատներում» ծառայել

Այս քառօրյան իսկապես հետաքրքիր էր: ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ամփոփելով քառօրյայի աշխատանքները, ասաց ՀԱԿ խմբացկության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ում համոզմամբ` այս քառօրյայի ընթացքում ևս մեկ անգամ փաստվեց, որ իշխանությունների աշխատանքը տապալված է: «Իշխանությունները հասկացան, որ հասարակության ազդեցությունը ամենաուժեղն ու մեծն է»,- ասաց նա:

Ըստ Զուրաբյանի` հայտարարված սեպտեմբերի 30-ի վերջնաժամկետից և նախատեսվող հանրահավաքից առաջ իշխանությունները իրենց առջև նպատակ էին դրել շտկել ու բարելավել իրավիճակը ԱԺ «խրամատներում»:

«Վերջերս իմացանք, որ ԱԺ-ն վերածվել է ռազմաճակատի: Իշխանությունները իրենց առջև շատ լուրջ նպատակ էին դրել, որպեսզի ամեն գնով տապալեն նաև քառյակի գործունեությունը»,- նշեց Զուրաբյանը` հստակեցնելով, որ փաստորեն քաղաքական մեծամասնությունը ցույց տվեց, որ պատրաստ չէ «խրամատներում» ծառայել:

«Իշխանություններն իրենց առջև նպատակ էին դրել քառօրյայում ներկայացնել բարի բովանդակության նախագծեր, վակային ծրագրեր և ձևավորեին քառօրյայի օրակարգի լավ մթնոլորտը: Բացի այս` գլխավոր հրամանատարը հրաման էր տվել: Իշխանություններն ուզում էին ՍԴ բափեփոխումների շուրջ հասնեին քառյակի պառակտմանը, բայց ասեմ, որ սխալ էին հաշվարկել: Ընդդիմությունն էլ, բնականաբար, ուներ իր նպատակները»,- նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը` շեշտելով, որ ընդդիմության առաջին նպատակն էր, այս քառօրյայում բացահայտել իշխանությունների իրական դեմքը:

«Մենք ուզում էինք աշնանային զարգացումներին ընդառաջ ցույց տալ, որ այս իշխանությունները սնանկացած են, և ավելի շատ` հոգևոր իմաստով, քան ֆինանասապես: Կառավարման իմաստով ևս սնանկացած են: Պատահական չէր, որ ընդդիմությունը բարձրացրեց արտագաղթի թեման: Քառյակը այս թեմայի շուրջ ցուցաբերելով միասնականություն, իշխանություններին ստիպեց բացահայտել իրենց ձախողվածությունը: Նրանք չկարողացան այդպես էլ պատասխանել և ցույց տվեցին, որ ավելի խորն են թաթախվում պրոբլեմների մեջ»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով` ընդդիմությունը նաև նպատակ է ունեցել բացահայտել Կառավարության դեմքն ու ծրագրերը: «Նոր կառավարությունը փորձում էր ցույց տալ, որ շատ ավելի լավն էր, բայց մենք ցույց տվեցինք, որ այն ոչ միայն շատ ավելի վատն է ու ավազակապետական, քան նախորդը, այլև` առաջնորդվում է նույն ռեժիմի քամահրանքով: Արմավիայի բացահայտումը դա է փաստում: Դա այս կառավարության փիլիսոփայությունն է: Այսինքն` այս կառավարության օրոք նույնպես ոչինչ չի փոխվել և չի էլ փոխվի, այն այս արատավոր ռեժիմի հերթական գործիքն է»,- հավելեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է քառյակին, ապա Զուրաբյանի խոսքով, հենց առաջին քառօրյայում պարզ դարձավ, որ քաղաքական ուժերը միանական ու վճռական են տրամադրված և պատրաստ են միասնական աշխատանքի լծվել:

«Պարզ էր, որ իշխանական քարոզչամեքենայի բոլոր հիմքերը մենք ջախջախեցինք: Արտագաղթի խնդիրը արծարծելով` մենք հասկացանք, որ իշխանությունները ոչ մի հակափաստարկ չունեն: Իսկ նստաշրջանի ընթացքում հասկացանք, որ Հայաստանը պետք է կլորիկ վարկ ստանա և դա այնքան էին կարևորել, որ հարցը հրատապ դրեցին: Այդ շտապողականության նպատակն էր քվերակությունը, որն այդպես էլ չկայացավ: Սա ամենալավ պատասխանն էր Սերժ Սարգսյանին` խրամատներից չբացակայելու հրահանգին»,-եզրափակեց նա: 

Լ. Զուրաբյան. ՀՀԿ-ն ցույց տվեց, որ պատրաստ չէ «խրամատներում» ծառայել