13/09/2014 12:53
Աղիքային կամ ստամոքսային հիվանդությունների վարակ Հանրապետությունում չկա. ԱՆ
Հանրապետությունում «ստամոքսի գրիպ» վարակ չկա: Այս մասին Aysor.am-ին վստահեցնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը մեզ հետ զրուցում ասաց, որ մամուլում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Իսկ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանն էլ նշեց, որ «ստամոքսի գրիպ» հասկացություն գիտության մեջ ընդհանրապես գոյություն չունի: «Ապշած եմ այդ արտահայտությունից: Դա ինչ անհեթեթություն է: Իսկ որտեղից են դա հնարել, ուղղակի չեմ հասկանում: Այդպիսի հիվանդություն գոյություն չունի»,- նշեց նա՝ հավելելով, որ վերջերս Քաջարանում ինչ-որ վարակի մասին ահազանգ է եղել, որի մասին առողջապահության նախարարությունը տեղյակ պահել է: «Փոքր լոկալ բռնկում է եղել, որը մարել ենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր «Չորրոդ իշխանություն» օրաթերթը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, թե Երևանում «ստամոքսի գրիպի» համաճարակ է տարածվել:
Նախորդող հրապարակում՝ Երևանում «ստամոքսի գրիպի» համաճարա՞կ է