16/09/2014 16:42
«Ժառանգությունն» առաջարկում է 2016-ին արտահերթ ընտրություններ անցկացնել
«Ժառանգությունը» պատրաստ է մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին և սահմանադրական բարեփոխումների հարցում ունի ծրագրային հայեցակարգ: Այս մասին «Ժառանգություն» կուսակցության կողմից կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով, եթե քաղաքական մեծամասնությունը և մասնագիտական հանձնաժողովը քննարկի և ընդունի կուսակցության կողմից ներկայացված 3 առաջարկը, կուսակցությունը պատրաստ է մասնակցել այդ գործընթացին:
Առաջինն, ըստ նրա, դա ընտրական օրենսգրքի փոփոխությունն է, որի հիմքում պետք է ընկած լինի նախորդ գումարման ժամանակ ՀՅԴ-«Ժառանգություն» խմբակցությունների կողմից ներկայացված տասնմեկ կետից բաղկացած ամբողջական փաթեթը, ինչը հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից:
«Ժառանգության» երկրորդ առաջարկը վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը: «ԱԺ-ն առաջիկայում պետք է ընդունի օրենք «Խորհրդարանական ընդդիմության մասին»՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողական լուրջ լծակներ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «Ժառանգություն» խմբակցությունը առաջիկայում այդ օրենքի նախագիծը կդնի շրջանառության մեջ:
Ինչ վերաբերում է երրորդ առաջարկին, ապա Ռուբեն Հակոբյանի խոսքով, եթե իշխանությունը գտնում է, որ Սահմանադրությունը մարդակենտրոն չէ և իր բովանդակությամբ խոչընդոտում է պետության բնականոն զարգացմանը, ապա տրամաբանական է, որ սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո, արդեն բարեփոխված Սահմանադրությամբ պետք է անցկացնել համապետական նոր ընտրություններ:
«Օրենքով սահմանված ժամկետները նկատի ունենալով՝ այդ ընտրությունները կարող են տեղի ունենալ 2016 թվականի գարնանը»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ ՀՅԴ պատգամավոր. Եկել է իշխանություններին պահանջներ ներկայացնելու ժամանակը