03/10/2014 20:45
Զինվորի օրագիր. 20-ամյակիս նվերները՝ ծափեր ճաշարանի դիմաց ու մի հատ կոնֆետ
Aysor.am-ը ներկայացնում է դիրքապահ զինվորի օրագրից ևս մեկ հատված:
***
Զինվորի օրագիր
Շարքային Հայկ Մինասյան, Արցախի սահմանապահ N զորամաս
Մաս 5. 20-ամյակս նշեցի զորմասում
Ծառայության սկզբից մի հետաքրքիր դրվագ պատմեմ…
Մի շաբաթից ավելի արդեն ծառաում էինք: Էդ ժամանակ ես ինձ շատ փակ էի պահում (ընդհանրապես նոր տեղերում բնավորությունս ա տենց):
Պլացում շարային էինք անում, մեր սերժանտներից մեկն ասեց, որ շարքից դուրս գամ ու մոտենամ մեր վաշտի հրամանատարին:
Գնացի մոտը, հարցեր տվեց: Ուզում էր իմանա` ո՞վ եմ, ի՞նչ եմ, որտե՞ղ եմ սովորել, ի՞նչ լեզուներ գիտեմ: Հետո հարցրեց, ինչի՞ եմ ինձ տենց բոլորից առանձին պահում, բացատրեցի ու հասկացավ` գիժ չեմ
Սկսեցի պատմել, որ ռազվեդկա եմ ուզում ծառայեմ ու էդ պահին իմ համար ամենաանսպասելի բանն ասեց.
«Տղա ջան, ռազվեդչիկի պիտի մի քիչ քյալ լինի»:
«Քյա՞լ, թե՞ քաջ, պարոն կապիտան»,- ճշտելու համար հարցրի ես:
«Քյալ»,- կրկնեց ինքը,- «Որովհետև մարդ պիտի քյալ լինի, որ իմանա իր ապրել-մեռնելը 50/50 ա ու գնա առաջ»:
Տենց վիճեցինք հետը: Վերջում ասեց, որ կհետևի ծառայությանս:
Դե արդյունքում ավտոմատ նռնականետորդ դարձա:)
Ծառայության սկզբում տխուր ու ծանր պահերից մեկն էն էր, որ 20-ամյակս նշեցի (ավելի շուտ չնշեցի), երբ 2 շաբաթվա ծառայող էի:
Նվերներս եղան ճաշարանի դիմաց ծափերը, մի հատ կոնֆետն ու մի ավտոբուս նորակոչիկը: Մեկ էլ էդ օրն առաջին անգամ կրակայինի պիտի գնայինք, էն էլ անձրև եկավ` մնաց մյուս օրը: Կարճ ասած` թարս օր էր :)
Հետո` պրիսյագի օրը, մաման, պապան ու մոտ ընկերս եկան: Պրիսյագի կարևոր պահն էն ա, որ զինվորական կյանքդ սկսելուց հետո առաջին անգամ ես տնեցիներին տեսնում: Եթե անկեղծ` մի տեսակ ուրիշ աչքով ես նայում իրանց ու անընդհատ մտածում ես` «Ոնց եմ ձեզ սիրում…»:
Ընդհանրապես բանակում ամենահիշվող բաներն առաջին անգամ լինողներն են: Առաջին ճաշարան, առաջին ֆորմա, առաջին շարվել, առաջին հրամանատար, առաջին կրակային, առաջին կռիվ…
Մի օր ա մոտս շատ լավ տպավորվել: Եղեգնաձորցի սերժանտ ունեինք, մի անգամ ջղայնացել էր շատ: Մերոնք կռիվ էին արել, ինքն էլ իմացել էր: Վաշտը շարեց ու սկսեց ուղղակի խոսալ հետներս: Զգացվում էր, որ շատ լցված ու անկեղծ ա: Ասածն էն էր, որ իրար մեջ քիչ կռվենք ու պահենք բանակային ընկերությունը: Վերջում էլ ասեց.
«Տղե'րք, այ էս օրը դուք հաստատ հիշելու եք» ու նենց ա, որ ես իրոք հիմա էլ շատ լավ եմ հիշում էդ օրը…
Շարունակելի...
ՀԳ. Հեղինակի, ինչպես նաև հրապարակված այլ անուններ` փոխված են:
Օրագրի նախորդ մասերը` Զինվորի օրագիր. Պատմություն զորամասային առաջին Նոր տարվա մասին
Զինվորի օրագիր. Իսկ դուք օրապահ կանգնե՞լ եք
Զինվորի օրագիր. Մամ ջան, Ղարաբաղ եմ գնում. ամեն ինչ շատ լավ ա...
Զինվորի օրագիր. Բանակում անհնար ա գցել մի բան, ինչին մորդ մատերն են կպել