06/10/2014 15:40
«Վերնիսաժի գործ». Գոռ Առաքելյանի մոտ եղել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակ
«Վերնիսաժում հնչած կրակոցների» գործով կալանավորված Գոռ Առաքելյանը ի սկզբանե մեղադրանքի մասին դիրքորոշում չի հայտնել և ի վիճակի չի եղել ցուցմունք տալու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գ. Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Գ. Առաքելյանը ի վիճակի չի եղել ցուցմունք տալու, վրիպում է նախաքննական մարմնի ուշադրությունից, քանի որ ի վիճակի չլինելը կոնկրետ պատճառներից է բխում:
«Փորձագետի կողմից եզրակացություն է տրվել, որ Գ. Առաքելյանի մոտ առկա են եղել մարմնական վնասվածքներ՝ ձեռքերի, թևերի շրջանում, ինչպես նաև նշված է, որ նրա մոտ առկա է կոնկրետ իրադրությամբ պայմանավորված հիշողության մասնակի կորուստ: Սա մեր իրավապահ մարմինների համար պետք է ազդակ լինի, քանի որ հոգեբանները լավ գիտեն, որ հոգեկան խիստ հուզմունքի, այսինքն, աֆեկտի դեպքում նաև գործ ունենք հիշողության մթագնման հետ, քանի որ նման իրավիճակում անձի մոտ կարող է կումուլյատիվ աֆեկտ լինել»,- ասաց Ե. Սարգսյանը:
Դեպքի վայրում առկա տեսախցիկների հետ կապված փաստաբանը ասաց, որ իրենք ի սկզբանե հետաքրքված էին, որ դրանք լինեին, քանի որ կամայական որոշումները այդ դեպքում չէին լինի, սակայն ներկայիս տեղեկությունների համաձայն, նման ձայնագրություններ չկան:
«Երբ արդեն գործի ամբողջ նյութերը հետազոտվեն, կարող եմ հստակ ասել, թե ինչու այդ ձայնագրությունները չկան: Միգուցե քննչական մարմինը գործողություններ է արել, պարզելու պատճառը, սակայն այդ տվյալների մասին մեզ չեն տեղեկացրել:
Այն, որ տեսագրություն առկա եղել է, իրավապահները հենց տեղում չէին կարող ասել, փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տեսագրություն սարքի մեջ չկա, թեև նման սարք առգրավվել է»,-ասաց Ե. Սարգսյանը:
Հարցին՝ ինչքանո՞վ են համապատասխանում իրականության այն պնդումները, որ Գ. Առաքելյանի հետ երկրորդ մարդն է եղել, որի անձը թաքցվում է, Ե. Սարգսյանը ասաց. «Սա կոնկրետ նպատակ հետապնդող հայտարարություն է, որ ցույց տրվի, որ նա միայնակ չի եղել, հարազատների հայտարարությունների բովանդակության նպատակն է, որպեսզի ցույց տրվի, որ Վալերի Հովհաննիսյանը Գ. Առաքելյանի հետ չի առնչվել, այլ առնչվել է այլ անձի հետ և բռնություն նրա նկատմամբ չէր կարող գործադրվել, բայց առաջին պահից եղել են դա հերքող ապացույցներ, և նման բան ոչ գործի նյութերում, ոչ էլ իրականության մեջ չկա»,-ասաց Ե. Սարգսյանը:
Անդրադառնալով մեքենայի հափշտակությանը, փաստաբանը ասաց, որ իր մոտ հարց է առաջացնում այն, թե ինչո՞ւ այսքան ժամանակ հետո նոր հիշեցին մեքենայի մասին, միգուցե մեքենայի մեջ ինչ-որ ապացույց կար, որ պետք չէ նախաքննական մարմինը չունենար:
«Կարծում եմ, որ բոլորդ էլ հասկանում եք, որ դրա հետ որևէ առնչություն Գ. Առաքելյանը չէր կարող ունենալ: Իմ տեղեկություններով՝ այդ մեքենան չի հայտնաբերվել, բայց միանշանակ չեմ կարող ասել»,- ասաց նա:
Գ. Առաքելյանի առաջադրված մյուս մեղադրանքի՝ ապօրինի զենք կրելու հոդվածի վերաբերյալ Ե. Սարգսյանը ասաց, որ իր պաշտպանյալը դիրքորոշում չի հայտնել, այդ պատճառով էլ, ինքը չի կարող որևէ բան ասել:
Հարցին՝ նախաքննությունը ավարտվելու մասին իրեն որևէ բան հայտնի՞ է, փաստաբանը ասաց, որ հստակ օրվա մասին ինքը չի տեղյակ չի:Նախորդող հրապարակում՝ «Վերնիսաժի կրակոցների գործ». Միանշանակ, սա քննիչի ինքնուրույն որոշումը չէ
«Վերնիսաժի կրակոցների գործ». Որոշումները կայացվում են PR մենեջերի կողմից