06/10/2014 14:15
«Վերնիսաժի կրակոցների գործ». Միանշանակ, սա քննիչի ինքնուրույն որոշումը չէ
«Վերնիսաժում հնչած կրակոցների» գործով էական հանգամանքները անուշադրության են մատնվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց այս գործով կալանավորված Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ինքը վերջերս միջնորդել է նախաքննական մարմին, որ նշված մեղադրանքը վերացվի, քրեկան հետապնդումը դադարեցվի, քանի որ Գ. Առաքելյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, բայց միջնորդությունը անհիմն մերժվել է:
«Նախ, այս գործով հաշվի չի առնվել այդ անձանց թիվն ու ֆիզիկական տվյալները, այն դեպքում, երբ Ներսես Մելքոնյանն ու Վալերի Հովհաննիսյանը ըմբշամարտի և ձեռնամարտի մարզիչներ են, սպորտսմեններ, նաև ավելի հաղթանդամ են իրենց մարմնակազմությամբ, բացի այդ,կ խիստ էական է այն, որ Գ. Առաքելյանի հետ եղել է կինը և երեխան, որ անընդհատ լացել է և այդ ամենը ազդում է անձի հոգեկան վիճակի վրա: Եթե այս տվյալները հաշվի առնենք, որ հարևանների խոսքով ՝ նրանք բավականին ագրեսիվ են եղել, գոնե այս տվյալներով նախաքննկան մարմինը պետք է մտածեր անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման և հոգեկան վիճակի խանգարման մասին, սակայն բացարձակապես այդ հանգամանքերը անուշադրության են մատնված:
Ես դիմումներ եմ ներկայացրել դատախազին և քննչական մարմին, սակայն Դատախազից զրո արձագանք եմ ստացել:Իմ դիմումը Դատախազի կողմից ուղարկվել է Երևանի դատախազին, նա էլ՝ Կենտրոնի դատախազին, և մինչ օրս սպասում եմ պատասխանի: Ուզում եմ հասկանալ, քանի որ սա օրինաչափ վարքագիծ չէ, արդյոք ինչո՞ւ այս գործով պատասխան չենք ստանում դատախազությունից: Այսինքն, դեռևս պատասխան չկա, համենյան դեպս, այն անգործությունը, որ ցուցաբերվում է, բացարձակ անթույլատրելի է, քանի որ ինքն է անմիջական հսկողություն իրականացնում»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքը ներկայացնելու օրը մեղադրանքը փոփոխվում է, բայց ոչ թե խստացվում կամ մեղմացվում է, այլ փոխվում է բովանդակային առումով, իսկ սեպտեմբերի 9-ին նախաքննական մարմինը գտել է, որ մեղադրանքը նույնը պետք է մնա:
«Դրանից 2 օր հետո մեղադրանքը կրկին խստացվում է, թե ի՞նչ նոր ապացույցների հաշվին, անհայտ է, որովհետև դրանք ձեռք չեն բերվել, բայց նախաքննական մարմինը որոշել է, որ պատահական անցորդների վնասվածքները դիտավորությամբ պատճառված ծանր վնասվածքներ են: Ես ասել եմ, որ նաև անզգուշություն է սա, սակայն տեսանք, որ նախաքննական մարմինը ի սկզբանե այլ նպատակ է հետապնդում: Քննիչ հետ կեսօրին մենք ՔԿՀ ենք մուտք գործում, դեռևս դուրս չենք եկել,
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածում, որ մեղադրանքը խստացվել է, ես չեմ հասկանում այդ շտապողականության իմաստը: Առանց տեղյակ լինելու, թե ներսում ի՞նչ է եղել, քանի որ քննիչը անգամ հեռախոսով չէր կարող որևէ բան հայտնած լիներ, որովհետև ներսում բջջային կապը արգելվում է, պարզվում է, որ մեր դուրս գալուց մի քանի ժամ առաջ մեղադրանքը խստացվում է:
Ստացվում է, որ պետական մարմինները փորձ են անում ցույց տալ նման գործերով, որ տեսեք, մենք ինչ խիստ ենք վարվում, որևէ օգնություն ցույց չենք տալիս, չնայած որ դրա կարիքը չկա»,-ասաց նա:
Ե. Սարգսյանի խոսքով՝ իր՝ 13 էջից բաղկացած միջնորդության պատասխանի մեջ միայն ասվում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ մեղադրանքը հիմնավորված է քրեական գործում առկա ապացույցներով, ինչը հերթական անգամ կամայականության դրսևորում է:
«Քանի որ իմ բոլոր հիմնավորումները մերժվում են, ստիպված եմ դրանք գրական տիպիկ օրինակներով վկայակոչել մեր պատկան մարմիններին, դասագրքային մակարդակով, այնքան պարզ հարց է:
Սա ԵՊՀ-ի կողմից հրատարակված դասագիրքն է, որտեղ նշվում է, որ ցանկանալով սպանել իր զոհին, սուբյեկտը մի քանի անգամ կրակում է մարդաշատ վայրում և անզգուշությամբ մահ է պատճառում մեկ ուրիշի: Օրինակում էլ նշվում է, որ այս դեպքում անցորդներին կրակելը ազնգուշություն է:
Բացի այդ՝ Գ. Առաքելյանի կողմից կարկոցները արձակվել են գետին, երկուսն էլ հետցատկ են արել, ինչը նշանակում է, որ անձը գետնին է կրակել, և սպանելու նպատակ չի ունեցել: 3 պատահական անցորդների վնասվածքները ոտքի շրջանում են, մեկինը՝ կրունկի շրջանում, և հետազոտության մեջ նշված է, որ դրանք կամ հետցատկի ենթարկված գնդակի, կամ էլ միջանցիկ կրակոցի հետևանք է եղել, քանի որ Ներսեսի ոտքի բոլոր 4 փամփուշտները միջանցիկ են եղել՝ ոտքի միջով անցել է և վնասել է մեկ ուրիշին: Գ. Առաքելյանը ամեն ինչ արել է, որ որևէ մեկ այլ անձ չվնասվի, բայց դատախազությունը և նախաքննական մարմինը սա չեն ուզում տեսնել:
Այս պարագայում անիմաստ է հույս ունենալ, որ կարող են մեղադրանքը փոխել և օբյեկտիվ գնահատականի արժանացնել, և մեր նպատակն է հակակշռել իրավապահ մարմինների անթույլատրելի կամայական վարքագիծը, քանի որ սովորություն է դարձել հասարակական հնչեղության գործերով իրավաբանականը մի կողմ թողնել, և շարժվել ինչ-ինչ նկատառումներով»,- ասաց նա:
Հարցին՝ մեղադրանքը խստացվե՞լ է այն ժամանակ, երբ սկսել է գործել Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ գործող Քննչական կոմիտեն, արդյոք սա որևէ կապ ունի մեղադրանքի խստացման հետ, փաստաբանը պատասխանեց.
«Ես անհատապես չեմ կարող ասել՝ ով է փորձում դիվիդենտներ հավաքել, բայց բոլորն էլ հասկանում ենք, որ սա քննիչի որոշումը չէ, միանշանակ նա ինքնուրույն նման որոշում չէր կարող կայացնել այս գործով, և գործերով որոշումներ սովորաբար կայացվում են կամ քննչական մարմնում զեկուցումների կամ էլ դատախազության կողմից տրված բանավոր ցուցումների արդյունքում: Չեմ կարող միանշանակ պնդել, որ հենց քննչական կոմիտեի ղեկավարի դիրքորոշումն է, բայց և չեմ էլ բացառում, քանի որ սա համատեղ ընդունած որոշում է, և եթե դատախազությունը համաձայն չէ այս որոշմանը, ապա ինքը որոշումը ստացել է օրենքով սահմանված կարոգվ, նա կարող է այն վերացնել և ակվելի օբյեկտիվ որոշում կայացնել»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք քաղաքական շարժառիթներ տեսնու՞մ է այս գործում, փաստաբանը ասաց. «Չեմ կարող նման բան պնդել, բայց և չեմ կարող բացառել, թեև կարծում եմ, որ ավելի շատ գործ ունենք հասարակական հնչեղության հետևանքների հետ»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ «Վերնիսաժի կրակոցների գործ». Որոշումները կայացվում են PR մենեջերի կողմից