.jpg)
«Եկել էին ասելու՝ համազգային շարժումը սկսվում է, բայց հաջորդ հանրահավաքին»
«Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ եռյակի կազմակերպած հանրահահավքի պրոցեսները միտված են 2017-18 թվականների ընտրական գործընթացներին:
«Ինձ համար քաղաքական գործընթացները չափազանց տեսանելի են եղել: Արատավոր է, երբ այդ օբյեկտիվ ռազմավարությունը հանրությանը մատուցվում է, թե միասնական իշխանափոխություն են պահանջում»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց նա՝ ընդգծելով, թե հանրահավաքում հնչած ելույթներից պարզ է դառնում, որ այդ քաղաքական ուժերը միասնական չեն:
Սաֆարյանի համոզմամբ՝ հանրահավաքը զուտ ֆորմալ բնույթ էր կրում: Այսինքն՝ քաղաքական ուժերը դուրս էին եկել ինչ-որ բան ասելու կամ ցույց տալու, բայց դա այդպես էլ չստացվեց:
«Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեցին երկարատև պայքարից, իսկ Գագիկ Ծառուկյանի չխոսելը ընդգծեց նրա չշտապելու մասին»,- ասաց Ս. Սաֆարյանը՝ շարունակելով, որ ինքը որևէ ուժի չի ցանկանում մեղադրել, բայց ցավալի է, երբ այդքան կարևորագույն օրով ընդդիմադիր ուժերը հանկարծ որոշում են արտաքին քաղաքականության մասին չխոսել:
«Սա խոսում է այն մասին, որ Հայաստանն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում չի խոսելու արտաքին քաղաքականության մասին, այն դեպքում, երբ չափազանց սրվել են արտաքին մարտահրավերները: Իսկ չեն խոսում այդ մասին, որովհետև չեն ուզում պայքարել այդ դաշտում»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ այս պարագայում խոսել միասնականության մասին, պարզապես ավելորդ է:
«Իշխանությունները, որոնք Ռուսաստանին փորձում են չզայրացնել ու ոչ մի վատ բան չասել, ավելի անզուսպ են, քան ընդդիմությունը, որն ի տարբերություն իշխանությունների, միշտ էլ արտաքին հարցերի շուրջ անկաշկանդություն է ցուցաբերել: Եկել էին ասելու, որ համազգային շարժումը սկսվում է, բայց ամեն ինչ կասեն հաջորդ հանրահավաքին»,- ամփոփեց իր միտքը Սաֆարյանը: