Զարուհի Փոստանջյանը եռյակի հետագա գործողությունների սեփական օրակարգն ունի
15/10/2014 14:22

Զարուհի Փոստանջյանը եռյակի հետագա գործողությունների սեփական օրակարգն ունի

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եռյակի հետագա քայլերի սեփական օրակարգն ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորն այն ներկայացրեց՝ ընդգծելով, որ օրակարգի հեղինակն անձամբ ինքն է և այն կուսակցության դիրքորոշման հետ կապ չունի:

«Նախ և առաջ այս ուժերն Ազգային Ժողովում պետք է սկսեն Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացը: Այնուհետև ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին ճանաչում է որպես հանցագործների և հետամուտ է լինելու նրանց քրեական հետապնդմանը: Այս դիրքորոշումը պետք է վերահաստատվի նաև ՀԱԿ-ի և «Ժառանգության» կողմից»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու մյուս պաշտոնյանեը պետք է ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնեն պետությանը, պետք է պաշտոնանկ արվեն բոլոր այն դատավորներն, ովքեր առնչվել են քաղաքական հետապնդումների գործերին, որից հետո պիտի ստեղծվի ժամանակավոր՝ անցումային կառավարություն:

«Անցումային կառավարությունը պիտի գործի առավելագույնը վեց ամիս՝ մինչև արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում»,- ասաց պատգամավորը:

Լրագրողների հարցին՝ մասնակցելու՞ է նա հոկտեմբերի 24-ին կայանալիք ոչ իշխանական ուժերի երկրորդ հանրահավաքին, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց՝ կմասնակցի այն դեպքում, եթե իր օրակարգն ընդունվի:

Նախորդող հրապարակումներ՝ Փոստանջյանը չի անդրադառնում Ծառուկյանի մտադրություններին

Փոստանջյան. ԵՏՄ անդամակցության փաստաթղթի ստորագրումը հերթական ավանտյուրան է 

Զարուհի Փոստանջյանը եռյակի հետագա գործողությունների սեփական օրակարգն ունի