.jpg)
Դեմոյանն իր գիրքն ուղարկեց Թուրքիայի նախագահին, վարչապետին և ԱԳ նախարարին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսը:
«Օսմանյան Թուրքիայի անձնագիրն է այս գիրքը»,-ասաց Հայկ Դեմոյանը՝ հավելելով, որ նմանատիպ գրքի առաջին երեք հասցեատերերը Թուրքիայի նախագահը, Թուրքիայի վարչապետը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարն են:
Նա մակագրեց երեք գրքի վրա՝ վստահեցնելով, որ գրքերը կուղարկվեն հասցեատերերին. «Լավ կլինի, որ նրանք իրենց գրադարաններում տեղ ունենան մեր թանգարան-ինստիտուտի կողմից ուղարկված գրքերը»:
Այսօրվա Թուրքիան և նրա ղեկավարությունը, Դեմոյանի խոսքով, ընդամենը մեկ հնարավորություն ունեն՝ կա՛մ ընդունել Օսմանյան կայսրության այս անձնագրավորումը, կա՛մ ձեռնպահ մնալ ու երբեք չխոսել արդար հիշողության մասին:
Ներկայացնելով գիրքը՝ Դեմոյանն ասաց, որ գրքի գաղափարը ծնվեց վեց տարի առաջ, այն հետևյալն էր՝ մամուլն օգտագործել՝ ներկայացնելով պատմական իրողությունը, պատմական իրողության անհերքելիությունը: «Օրեցօր հարստանում էր իմ նյութը, մի կողմից տխրում էի՝ տեսնելով այդ ողբերգական դեպքերը, մյուս կողմից ուրախանում, որ այդ ամենը հավաքվում է մի տեղում»:
Գրքում ամփոփված են եզակի նյութեր` քաղված 19-20-րդ դարերի արտասահմանյան մամուլից և ներկայացնում է մարդկության և քաղաքակրթության դեմ թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Գրքում ներառված են անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, իտալական, ռուսական, ավստրիական, չեխական, գերմանական և նորվեգական մամուլի նյութերը: Գիրքը պատրաստված է երկու լեզվով` հայերենով և անգլերենով: Գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել «Ամերիա» ընկերությունների խմբի աջակցության շնորհիվ:
«Այս աշխատությունը ցույց է տալիս, որ աշխարհում հիմնականում տեղյակ են եղել հայ ժողովրդի դեմ կատարվող ոճրագործությանը ու ամեն պետություն արձագանքել է այն չափով, որքանով կարողացել է, համապատասխանել է տվյալ պետության շահերին»,- գրքի շնորհանդեսին ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:
«Այն բոլոր մարդիկ, ովքեր ուզում են առերեսվել պատմության հետ, ունեն այդ հնարավորությունը, պարզապես պետք է թերթել այդ էջերը, այն էլ ոչ հայկական մամուլի, այլ՝ միջազգային: Այս գիրքը կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մեր նախապատրաստական աշխատանքներում»,- իր հերթին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
«Սա մեր երախտագիտության խոսք է այն երկրներին, այն մարդկանց, ովքեր օգնել են հայերին: Մեր խմբի համար գիքի հրապարակմանն աջակցելը հուզումնալից, բովանդակային, պատվիր հարց է»,-ասաց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Շուտով լույս կտեսնեն նաև գրքի ռուսերեն և ֆրանսերեն տարբերակները: