.jpg)
«ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը խախտելու է բոլոր պայմանավորվածությունները»
«Հայաստանը գնում է մի տեղ, որտեղ նույնիսկ այդ կառույցի անդամները չգիտեն, թե զարգացումներն ինչպես են ընթանալու»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը:
Վերջինիս համոզմամբ՝ ԵՏՄ անդամ երկրներն էլ դեռ իրենց տնտեսական հարաբերություններում հստակություններ չեն մտցրել, ուստի այդ կառույցը կարելի է համարել չկայացած ու չկայացող, որն ի տարբերություն ԵՄ-ի, իր մեջ որևէ պարտադրող բան չունի:
«Պարզ է, որ Հայաստանն էլ լինելու է ավելի վատ վիճակում, քանի որ մենք հիմնադիր անդամ չենք: ԵՏՄ-ն որևէ պարտադրող բան չունի, այդտեղ երկիրն ինքն է որոշում, թե ինչքանով կարող է տեղավորվել այդ միության մեջ»,-ասաց Հովհաննես Իգիթյանը՝ նկատելով նաև, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում, ուզենք թե չուզենք, սպասվում է նաև գնաճ:
«Այդ կառույցին անդամակցելով՝ Հայաստանը խախտելու է իր բոլոր պայմանավորվածությունները այլ երկրների հետ»,- շեշտեց բանախոսը:
Բացի այս՝ Հ. Իգիթյանը մտահոգված է Հայաստանին սպառնացող նաև այլ վտանգներով: Ըստ նրա՝ այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, չի բացառվում, որ դրանք կիրառվեն նաև Հայաստանի նկատմամբ, իսկ դա չեն թաքցնում անգամ կառավարության անդամները
«Բոլորը, այդ թվում նաև կառավարության անդամները, ովքեր փորձում են թեկուզ դրական տեսանկյունից մեկնաբանել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը, ասում են, թե վտանգները և շատ հարցեր հաղթահարված են»,- ասաց Իգիթյանը:
Անդրադառնալով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ դնելու հարցին՝ վերջինս նշեց, որ այդ հարցին անտարբերությամբ է վերաբերում:
«Եվ որպես քաղաքացի, և որպես քաղաքագետ, Հայաստանի և Արցախի միջև հարաբերություններում ձևական եմ համարում յուրաքանչյուր կետ»,-հավելեց նա: