Ալ. Իսկանդարյան. ԵՏՄ փաստաթուղթը քաղաքական տեսանկյունից վտանգավոր չէ
18/10/2014 12:06

Ալ. Իսկանդարյան. ԵՏՄ փաստաթուղթը քաղաքական տեսանկյունից վտանգավոր չէ

ԵՏՄ անդամակցությունը չի սահմանափակի Հայաստանում մամուլի ազատությունը և ոչ մի ազդեցություն չի ունենա: Ayosr.am-ի հարցին ի պատասխան ասաց «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը տնտեսական համագործակցություն է: ԵՏՄ- տնտեսական կառույց է»,- վստահեցրեց քաղաքագետը՝ նկատելով, որ այդ համաձայնագիրը 160 էջից բաղկացած մի փաստաթուղթ է, որտեղ քաղաքական որևէ տարր ֆորմալ առումով չկա:

«Ինքս անձամբ ուսումնասիրել եմ և հավատացնում եմ, որ այնտեղ բացառապես սակագներից ու տնտեսական հաշվարկներից բացի ոչինչ չկա: Փաստացի, այն մաքուր տնտեսական փաստաթուղթ է»,- հավելեց նա:

Եթե այդ փաստաթուղթը անգամ դիտարկենք քաղաքական տեսանկյունից, քաղաքագետի խոսքով, ապա այդ դեպքում ևս այն իրենից որևէ վտանգավոր բան չի ներկայացնում:

«Այդ փաստաթղթում քաղաքական որևէ հարց չկա, բայց կան կետեր, որոնք վերաբերում են Հայաստանի դիրքորոշմանը՝ Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների հետ կապված: Այդ հարցերը հիմնականում վերաբերում են ռազմաքաղաքական հարաբերություններին: Մամուլի ազատության մասին որևէ խոսք անգամ, այդ փաստաթղթում չկա: Իսկ այն մարդիկ, ովքեր այդպիսի տեսակետ ունեն, խորհուրդ եմ տալիս ընթերցել և ուսումնասիրել բավականնին ձանձրալի այդ փաստաթուղթը»,- ասաց նա:

Իսկանդարյանի համոզմամբ՝ Հայաստանն ընտրել է այդ ճանապարհը ոչ թե մամուլը սահմանափակելու, այլ՝ տնտեսությունը զարգացնելու և հզորացնելու համար:

Ալ. Իսկանդարյան. ԵՏՄ փաստաթուղթը քաղաքական տեսանկյունից վտանգավոր չէ