Փարիզյան հանդիպում. Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
28/10/2014 10:23

Փարիզյան հանդիպում. Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Փարիզի Մարինյի պալատում երեկ տեղի են ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպման ժամանակ:

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

Երեկոյան Ելիսեյան պալատում Ֆրանսիայի Նախագահի անունից ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների տրվել է ընթրիք: 

Նախորդող հրապարակում՝  Փարիզում ավարտվել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները

Փարիզյան հանդիպում. Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի