.jpg)
Սամվել Մարտիրոսյան. Ադրբեջանական քարոզչության որակը կտրուկ ընկել է
Ադրբեջանական քարոզչության որակը կտրուկ ընկել է, ինչի մասին նաև խոսում են հենց ադրբեջանցիները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ փոխվել է քարոզչական դաշտի ղեկավարությունը.
Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Ալիևին վախեցրել է այն, որ քարոզչությունը ղեկավարվում է գյուլենիստների կողմից, ովքեր Թուրքիայի օրինակով կարող են մի օր դուրս գալ իր դեմ.
«Հիմա քարոզչության ղեկավարումը վստահվել է իշխող կուսակցության երիտթևին, ովքեր այն վերադարձրել են հին, ֆորմալ ձևերին»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետի խոսքով՝ հարևան երկրի քարոզչությունն այս պահին սևեռվել է Քարվաճառ ներթափանցած դիվերսանտների դատին.
«Նրանց փորձում են ներկայացնել որպես պատանդներ: Twitter-ում գրառումներ են կատարում՝ տարբեր լեզուներով նշելով «Փրկենք պատանդներին» արտահայտությունը: Բայց սա այդքան էլ հաջողված գործողություն չէ, քանի որ այդպես էլ դուրս չի գալիս նեղ շրջանակներից»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է մեր կողմից անհրաժեշտ քարոզչական քայլերին, ապա, մասնագետի կարծիքով, ճիշտ կլիներ հայ գերի Կարեն Պետրոսյանի սպանության գործով դիմել դատարան, միջազգային աղմուկ անել. «Անել այն, ինչը ժամանակին չարվեց Մանվել Սարիբեկյանի դեպքում»,- ավելացրեց Սամվել Մարտիրոսյանը: