Սարգիս Ասատրյան. Մենք պահպանում ենք թշնամուն չհավասարվելու սկզբունքը
03/11/2014 16:37

Սարգիս Ասատրյան. Մենք պահպանում ենք թշնամուն չհավասարվելու սկզբունքը

Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցիների դատավարությունը շատ կարևոր է քարոզչական պատերազմի տեսանկյունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը դատավարությունը փորձում է ներկայացնել որպես միջազգային նորմերի կոպիտ խախտում:

«Ներկայացվում է, թե երկու ադրբեջանցիներ իրենց հայրենի հողում դատվում են սեպարատիստների կողմից: Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ մարդիկ կարող են ազատ ելումուտ անել Արցախի տարածք ու նրանց ոչ ոք իրավունք չունի դատել»,- ասաց Սարգիս Ասատրյանը:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ է արվում մեր կողմից ու ինչպե՞ս ենք մենք արձագանքում ստեղծված իրավիճակին, Սարգիս Ասատրյանը պատասխանեց.

«Մեզ համար սա ընկալվում է նորմալ: Այսինքն՝ մարդիկ խախտել են կոնկրետ երկրի օրենքներ ու դատվում են ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան: Կարծում՝ իրավական տեսանկյունից սա ավելի ողջունելի գործընթաց է, քան նրանց վառելու ու ոչնչացնելու կոչերը: Հնարավոր չէ նրանց նկատմամբ առանց դատ ու դատաստանի վճիռ կայացնել ու ահա սա կարող է խաղալ Հայաստանի միջազգային իմիջի հետ»,- ասաց Սարգիս Ասատրյանը՝ կոչ անելով չմոռանալ, որ Արցախը և Հայաստանը հանդես են գալիս որպես միջազգային նորմերի պաշտպաններ:

«Հակառակ դեպքում ադրբեջանական կողմի ձեռքում ևս մեկ խաղաքարտ կհայտնվի: Մենք պահպանում ենք թշնամուն չհավասարվելու սկզբունքը»,- ասաց Սարգիս Ասատրյանը:
 

Սարգիս Ասատրյան. Մենք պահպանում ենք թշնամուն չհավասարվելու սկզբունքը