18/11/2014 17:02
Արմեն Ռուստամյանը՝ վարչապետի առաջարկ-հայտարարության մասին
ՀՅԴ-ի համար այդքան էլ պարզ չէ վարչապետի առաջարկը և դեռևս հստակ չի կարող պատասխանել, թե ՀՅԴ-ականները կներգրավվե՞ն վարչապետի նշած երեք հոգանոց աշխատանքային թիմում, թե ոչ:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք կողմ են մասնակցել սահմանված ճանապարհային քարտեզի և ժամանակացույցի կազմման աշխատանքներին:
«Դեռ պետք է հասկանանք, քննարկենք, որից հետո պարզ կդառնա: Բայց 12 կետերի հետ կապված՝ մենք պատրաստ ենք աշխատել հետևյալ ուղղությամբ՝ հստակ սահմանված ճանապարհային քարտեզ, որը բերվի ժամանակացույցի, որ հասկանանք, թե ամեն կետը ինչպես պետք է իրականացվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ քառյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Իշխանությունների դիրքորոշումները քարացած չեն, և պատրաստ են քննարկումների:
Ա. Ռուստամյանն ընդգծեց, որ լավ կլինի 12 կետերի հետ կապված մշակվի ընդհանուր մարտավարություն. «Հիմա իրականացման տարբեր մեխանիզմներ կարող են լինել, վարչապետը մեխանիզմներից մեկն է առաջարկում, բայց դա էլ կարելի է քննարկել, հասկանալ՝ աշխատանքի օպտիմալ ձևը որն է, բայց հիմնականն այն արդյունքը պետք է լինի, որ ադեկվատ լինի ստեղծված իրավիճակին և բավարարի բոլոր կողմերին»,- ասաց նա:
Ոչ իշխանական ուժերից շատերը պահանջ են ձևակերպում, շարունակեց խոսքը Ռուստամյանը, սակայն երբ հասունանում է այդ պահանջը բավարարելու ժամանակը, սարսափում են:
«Երբ պահանջդ իրականացնելու հնարավորություն է առաջանում, չի կարելի վերանայել այդ պահանջը: Դա ճիշտ ձև չէ, պիտի մասնակցես ու ամեն ինչ անես, որ դրանք բավարարվեն: Դա նշանակում է՝ վստահ չես քո պահանջների վրա»,- նշեց նա: